Շնորհիվ որոշ բանկերի հաջող ու ձեռնտու առաջարկների (ինչպես ասում են' թեկուզ տոկոսի տակ ընկնելով), այսօր հնարավոր է կրթական վարկերի միջոցով կրթություն ստանալ և հույս ունենալ, որ ապագայում կարող ես լավ վարձատրվող աշխատանք ունենալ: Սակայն թույլ տուր հիշեցնել, որ ապրում ենք մի երկրում, ուր ըստ մասնագիտության, սակայն առանց աշխատանքային փորձի աշխատանքի ընդունվելը նույնն է, ինչ Հին Հունաստանում Օլիմպիական խաղերին հաղթելը. շատ դժվար, գրեթե անհնարին:
Տեղեկատվական գրեթե բոլոր միջոցներով աշխատանքի տարատեսակ առաջարկներ շատ են հնչում' հավաքարարի աշխատանքից մինչև տնօրենի, սակայն հայտարարությունը կարդալիս հուսախաբ ես լինում' հանդիպելով հետևյալ պահանջին. աշխատանքային 1-3 տարվա փորձը պարտադիր է: Հարց է ծագում' ինչպես կարող է նորավարտ, երիտասարդ մասնագետը աշխատանքային փորձ ունենալ, եթե նրան ոչ ոք չի ընդունում աշխատանքի:
Համոզված եմ' այս խնդրին առնչված բոլոր երիտասարդները խորը հոգոց հանեցին' մտովի հիշելով բոլոր այն կազմակերպությունների էլեկտրոնային հասցեները, որոնց ուղարկել էին իրենց բնութագրերն ու «րեզյումեները»' աշխատանք գտնելու ակնկալիքով:
Այն, որ յուրաքանչյուր կազմակերպություն կամ ընկերություն նոր կադրեր ընդունելիս ավելի շատ ուշադրություն է դարձնում գրագետ կազմված «րեզյումեին» և դիմողի արտաքին տեսքին, գաղտնիք չէ: Արտասահմանում նույնիսկ հոգեբանական մի ողջ համակարգ է մշակվել' ինչպես ճիշտ ներկայանալ աշխատանքային հանդիպմանը կամ հարցազրույցի: Դու կշտապես քմծիծաղով ինձ հակաճառել, թե մեր երկրում ամեն ինչ օրինաչափությունից դուրս է, ես էլ կհակադարձեմ, որ մեր սերունդը' նոր սերունդը, պետք է կոտրի բոլոր կարծրատիպերն ու չգրված օրենքները: Դրա համար եկ սկսենք արտաքին տեսքից' ինչպես հասնել հաջողության և ընդունվել աշխատանքի' առանց աշխատանքային փորձի:
Խորհուրդ 1-ին
Հայաստանում գործում է 12.000-ից ավելի կազմակերպություն, որոնց 70 տոկոսն անընդմեջ նոր կադրերի, գրագետ աշխատակիցների կարիք ունի: Ու թեև հիմնականում կազմակերպությունների ղեկավար մարմինների կամ «լավ» աշխատատեղերի շարքերը համալրվում են դրանց տնօրենների հարազատներով և նրանց երեխաներով, այնուամենայնիվ, մի հուսահատվիր. դու նույնպես հնարավորություն ունես աշխատանքի անցնելու: Հարցազրույցին ներկայացիր սև կամ մոխրագույն հագուստով' առանց ավելորդ գրված բառերի կամ նկարների, փայլերի: Հագուստը պետք է լինի ներկայանալի և կոկիկ: Հիշիր, որ հարցազրույց անցկացնողը պետք է տպավորություն ստանա, որ բացի աշխատանքից քեզ հետաքրքրող ոչինչ չկա, իսկ «գրասենյակային» կոկիկ հագուստի համար պարզապես «խենթանում» ես :) Ինչ վերաբերում է սանրվածքին, ապա աղջիկների համար որպես փոքրիկ հուշում ասեմ. թափված կամ հայկական տարբերակով «խառը ֆեն» արած մազերը գեղեցիկ են նայվում ընկերների հարսանիքին, բայց ոչ աշխատանքային հարցազրույցին: Մի խոսքով, պետք է կոկիկ, գործնական տեսք ունենալ, ոչ թե զարդարված տոնածառի: Այնպես որ, «նացիստական» սառը հայացքով, մազերը ձիգ հավաքած աղջիկը կազմակերպության տնօրինության աչքին է´լ ավելի լավ տպավորություն կթողնի' որպես նպատակասլաց և պարտաճանաչ, բայց և' բարեհամբույր աշխատակից:
Ինչ վերաբերվում է տղաներին, ապա ցանկալի է տեսնել ոչ թե կարճ, այլ ավելի շուտ խնամված մազեր: Հնարավոր աշխատատեղի համար հարցազրույցին ներկայանալուց առաջ մի զլացիր այցելել մոտակա գեղեցկության սրահն ու կարգի բերել սանրվածքդ, խնամքով սափրվել:
Խորհուրդ 2-րդ
Հարցազրույցի ժամանակ տարատեսակ հարցերին պատասխանելիս կյանքդ մի´ պատմիր. ոչ մեկին դա հետաքրքիր չէ: Օրինակ, ծանոթներիցս մեկին մի հարցազրույցի ժամանակ հարցրել էին, թե աշխատանքային ինչպիսի պայմաններ է նախընտրում, և պատասխանը այս կերպ էր հնչել. «Դե, գիտեք ոնց... ընենց չի, որ շատ եմ պահանջում, բայց դե խոսքի, ընենց լավ վիճակ ըլնի, որ աշխատելդ գա, էլի...»: Պարզ է, որ այսպիսի պատասխանի մեկնաբանություններն էլ են ավելորդ: Մինչդեռ գոնե գրագետ կլիներ այսպես պատասխանելը. «Պատրաստ եմ աշխատել տարատեսակ պայմաններում, ցանկալի է միջին նորմերի բավարարում»:
Առանց աշխատանքային փորձի լավ աշխատանք գտնելու համար պետք է ապագա տնօրինությանդ համոզես, որ թեև աշխատանքային փորձ չունես, սակայն ոչ մի բանով չես զիջում մյուսներին թե´ կամքի ուժով, թե´ աշխատասիրությամբ և թե´ եռանդով:
Մեկ այլ կարևոր փաստ աշխատանք գտնելու ճանապարհին. խոսքը բնութագրի, այլ կերպ ասած' rezume-ի կամ SV-ի մասին է: Հենց դրանում է, որ տեղ են գտնում ամենամեծ սխալները: Վերջին հինգ ամսում աչքի եմ անցկացրել ամենաքիչը յոթ տարբեր տեսակի «րեզյումեներ», որոնք մեկը մյուսից ավելի հետաքրքիր էին: Մի րեզյումեի հիսուն տոկոսը զբաղեցնում էին նախասիրությունները, ուր մանրամասն գրված էր, թե դրա տերն ինչպես է անցկացնում հանգիստը և որտեղ :) Մեկ այլ «րեզյումե» բավականին համառոտ էր. ներառում էր միայն հինգ նախադասություն' անուն, ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան տարեթիվ և բնակավայր :) Մի մտածիր, թե այս «րեզյումեներն» ամենավատն են. վերջերս համացանցում կարդացի ազգությամբ բրիտանացի, Մանչեստր քաղաքի բնակիչ Բենեդիկտ Լե Գուչի մասին, ով այժմ աշխարհի ամենավատ «րեզյումեի» հեղինակն է համարվում: Հետաքրքրությունների շարքում աշխատասեր Լե Գուչը գրել է, որ սիրում է իրեն աստղային պատերազմների հերոս Դարդ Վադերնի դերում պատկերացնել, հատկապես հաջող է ստացվում, երբ աչքերը փակում է ձեռքերով և ընկնում երազանքների գիրկը: Իսկ նախկին աշխատանքի մասին նշելիս նա ներառել է կարկանդակների գողությունը, հեռախոսով խոսելու իմիտացիան և բազում այլ հիմար արարքներ: Հասկանալի է, որ նրա «րեզյումեի» կողքին քոնը լավ տեսք կունենա, սակայն ուղղակի լավ տեսքը բավարար չէ. պետք է նաև գրագետ լինի: Նախ' անհրաժեշտ է, որ այն լուսանկարով լինի, գրագետ շարադրված, որ պարունակի ոչ միայն անուն-ազգանունն ու բնակավայրը, այլ բոլոր այն տվյալները, որոնք քո մասին հստակ ու ամբողջական տեղեկություններ կհաղորդեն: Ցանկալի է, որ այն լինի նաև անգլերենով, եթե դիմել ես արտասահմանյան որևէ կազմակերպություն, քանի որ քո փոխարեն այն հայերենից անգլերեն ոչ ոք հաստատ չի թարգմանի: Հետաքրքրությունների հատվածում պետք չէ երեք-չորս տողով գրել այնպիսի բաներ, որոնք այնքան էլ էական չեն, ասենք, չորացրած թիթեռների հավաքածու ունենալը կամ շոփինգով զբաղվելը :)
Ընդհանրապես ցանկացած տեղեկություն պետք է հակիրճ, բայց բովանդակալից լինի, քանի որ երկար-բարակ գրված «րեզյումեն» շատ հաճախ կարգին չեն էլ կարդում' մտածելով, որ այն ուռճացրած է' «ճոխացրած»:
Այնպես որ, ապագա տնօրեններ կամ ադմինիստրատորներ, գրասենյակային աշխատողներ կամ շուկայաբաններ, իմացեք, որ ոչ մի պատնեշ չկա, որ հնարավոր չլինի հաղթահարել, եթե հստակ գտել ես այն աշխատանքը, որով ցանկանում ես զբաղվել: