Ամերիկացի գիտնականները արտաքին տեսքի եւ իմունիտետի միջեւ կապ են հայտնաբերել։ Դրա համար նրանք, իրենց կարծիքով, աննախադեպ հետազոտություն են անցկացրել։ Մասնակիցների առողջությունը եւ իմունիտետի վիճակը լիարժեք զննության են ենթարկել։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով Science Alert-ին։
Մոտ 500 մարդ հատուկ հարթակում առցանց գնահատել է 159 մասնակիցների լուսանկարները, գնահատման մի քանի չափանիշներ են եղել։ Այնուհետեւ փորձագետներն ուսումնասիրել են, թե արդյոք կա որեւէ կապ մարդկանց գրավչության եւ մի շարք գործոնների՝ առողջության ինքնագնահատականի, բորբոքման ցուցանիշների, պաշտպանիչ բջիջների քանակի եւ կազմի, խթանիչների նկատմամբ իմունային պատասխանի, պլազմայում բակտերիաների աճի եւ շատ այլ բաների միջեւ։
Արդյունքները անսպասելիորեն ցույց են տվել կախվածություն, բայց կախվածություն ոչ թե տվյալ ժամանակահատվածում առողջական վիճակից, այլ իմունիտետից, հատկապես բակտերիաների հետ կապված։ Այսինքն՝ զուգընկերոջ արտաքինը, որի վրա սուր հիվանդության նշաններ են դրոշմված եղել, չի «վախեցրել»։ Դեր է խաղացել հիվանդությանը դիմակայելու օրգանիզմի պոտենցիալ կարողությունը:
Ուսումնասիրությունը նաեւ բացահայտել է գենդերային տարբերությունները: Ավելի գեղեցիկ համարվել են այն տղամարդիկ, ովքեր ունեցել են առավել ֆունկցիոնալ NK բջիջներ՝ դրանք մեր իմունիտետի բնական քիլլերներն են, որոնք պայքարում են բակտերիաների, վիրուսների եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների դեմ: Իսկ գրավիչ կանայք տարբերվել են օրգանիզմում բակտերիաների ավելի դանդաղ աճով, ինչը կապված է հանքանյութերի, գլյուկոզայի եւ հակամարմինների մակարդակի հետ։
Գիտնականների եզրակացության համաձայն՝ իմունիտետը, որը ժառանգվում է գենետիկորեն եւ ազդում է սերունդների վրա, կարող է թելադրել գեղեցկության մեր ընկալումը։ Սակայն, մնում է նաեւ սոցիալ-մշակութային գործոնների ազդեցությունը։ Փորձագետները կարծում են, որ մեր նախնիների շրջանում առողջության եւ գեղեցկության միջեւ ավելի ամուր կապ կարող էր լինել: Այսօր նույնիսկ վատ իմունային բնութագրերով մարդիկ երկար տարիներ պահպանում են իրենց առողջությունը։ Ուստի, բժշկության զարգացման հետ մեկտեղ արտաքին գրավչության եւ իմունիտետի միջեւ կապը պետք է թուլանա։