Հատկապես աշնանը, երբ մռայլ ու անձրևոտ եղանակը իր գերիշխանությունն է հաստատում բոլորիս վրա, բարձր, ուրախ տրամադրությամբ լինել ոչ միշտ է հաջողվում: Ինչ արած, աշունն իրենն անում, բայց և դրա հախից գալ յուրովի է ստացվում կամ գուցե չի էլ ստացվում :( Իսկ ինչպե±ս են հայտնի մարդիկ թոթափում աշնանային վատ տրամադրությունը, երբ ստիպված են հասարակությանը միշտ ժպտադեմ ներկայանալ և ինչ են խորհուրդ տալիս, իմացիր մեր այս անդրադարձից:

Լանա Խաչատրյան. «Մարդիկ սովոր են ինձ միշտ ուրախ տեսնել, իսկ երբ տխրում եմ, փորձում եմ մենակ մնալ, իմ սիրած երաժշտությունը լսել, մտորել. այդպես ավելի շուտ եմ հաղթահարում տրամադրության անկումը: Այդպես եմ վարվում, որ ինձ անտրամադիր չտեսնեն, և չփչացնեմ ընկերներիս, շրջապատի տրամադրությունը: Որպես կանոն' ինձ տխուր չեն տեսնում, իսկ եթե տեսնում էլ են, սովորաբար սկսում են հարցաքննել. դա արդեն խոսակցության առիթ է դառնում, ինչից հնարավորինս փորձում եմ խուսափել:
Եթե ինչ-որ խնդիրներ ունեք, իսկ մենակ մնալու հնարավորություն չկա, խորհուրդ եմ տալիս մտերիմներին ցույց չտալ: Պետք է պարզապես լավատես լինել, չհուսալքվել ոչ մի պարագայում»:

Արսեն Գրիգորյան. «Անընդհատ ուրախ լինել հնարավոր չէ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Սակայն նաև այդ անդադար ուրախությունն իմ կյանքի շատ կարևոր կողմերից է, որովհետև, երբ կյանքի հանդեպ հայացքներդ այլ են, դու էլ ավելի ուրախ ես, շատ բաներ ավելի հեշտ են տրվում քեզ, հեշտ ես անցնում այն ճանապարհը, որը նախատեսված է քեզ համար: Կարծում եմ, որ ուրախությունը (համենայն դեպս այն ուրախությունը, որը գտել եմ ինձ համար), Աստծո սերն է, ապրելու զգացողությունը: Գիտեմ, որ պատահական անձնավորություն չեմ, որ Աստված մորս որովայնում ճանաչել է ինձ, նախատեսել է, որ պետք է ծնվեմ, ապրեմ և նոր գնամ իր մոտ, որ յուրահատուկ եմ: Այդ զգացողությունն ինձ երջանկացնում է: Երբ տխրում եմ, ուղղակի դուրս չեմ գալիս, պարզապես մի 15 րոպե քնում եմ: Սակայն եթե ստիպված եմ լինում այդ ժամանակ դուրս գալ տանից, տխրությունս արհեստականորեն չեմ թաքցնում իմ ընկերներից' իբր ուրախ եմ: Փառք Աստծո, ունեմ այնպիսի ընկերներ, ովքեր միայն ուրախության ընկերներ չեն՚:

Աշոտ Ղազարյան. «Յուրաքանչյուր մարդ իր դարդն ունի: Ուրախ ու տխուր, անիմաստ, անհաջող օրեր ես էլ եմ ունենում, բայց ողջ կյանքում ինձ համար ամենակարևորը վատ տրամադրությունը դիմացինիս չփոխանցելն է, քանի որ նա մեղավոր չէ, որ ինձ մոտ այդ օրն ինչ-որ բան չի ստացվել: Դիմացինն ուրախ տրամադրություն ունի, իսկ ես պատմում եմ իմ դարդերը. ուզես թե չուզես, ինչ-որ կերպ դա ազդում է նրա վրա, իսկ ես և, ընդհանրապես, ոչ ոք, իրավունք չունի դա անելու:
Երջանիկ լինելու միջոցը իմ առօրյան է. ընտանիքս' կինս, երեխաներս, թոռներս, շրջապատս: Երբ տեսնում եմ իրենց, չեմ կարող վատ տրամադրություն ունենալ: Առավոտյան տանից դուրս գալիս մարդ պետք է իրեն տրամադրի, որ եթե այսօր ստացվի, մի քանի հոգու լավություն անի, լավ խոսք ասի, տրամադրություն բարձրացնի. ա°յ, այսպես պիտի դուրս գալ տանից, ոչ թե «նամռոտ» դեմքով»:

Էրիկ. «Այնպես չէ, որ միշտ կարողանում եմ թաքցնել վատ տրամադրությունս, բայց երբ բեմում եմ, մարդիկ չպետք է տեսնեն դա: Երբ դուրս եմ գալիս բեմ, ամեն ինչ պետք է փոխվի: Ինձ կարող են տեսնել և՛ ուրախ, և՛ տխուր: Հիմնականում այնպես է լինում, որ ուզում եմ մենակ մնալ, բայց պատահում է նաև այնպես, որ մենակության զգացողություն եմ ունենում և ուզում եմ ընկերներիս հետ շփվել մենակ չզգալու համար»: