Էրոտիկ երազները հազվադեպ են ձեզ անտարբեր թողնում, հատկապես, եթե այնպիսի մարդիկ են դառնում դրանց հերոսներ, որոնց հետ իրական կյանքում նույնիսկ չեք մտածել սեքսով զբաղվելու մասին։ Հոգեբանները բացատրում են, որ նման երազներն արտացոլում են ձեր թաքնված ցանկություններն ու հույզերը, որոնք ամենից հաճախ կապ չունեն սեքսի հետ։ Ինչու են նախկին զուգընկերները, ղեկավարները կամ լավագույն ընկերները դառնում էրոտիկ երազների հերոսներ՝ Газета.Ru-ի նյութում։
Օրերս բրիտանական TheSun թերթը պատարաստել է էրոտիկ երազներ մեկնաբանող սյունակ։ Դրանում հոգեբան Յան Ուոլեսը՝ «Ձեր երազների վերլուծությունը» գրքի հեղինակը, պատմել է, թե ինչ են նշանակում տարբեր մարդկանց մասին էրոտիկ երազները:
«Մարդիկ ահավոր անհանգստանում և շփոթվում են, երբ սեռական երազներ են տեսնում: Իրականում այս երազները արտացոլում են այն, ինչ մեզ անհանգստացնում է իրական կյանքում: Իսկ թե որքան կրքոտ ենք երազում, արտացոլում է իրական կյանքի մարտահրավերներին դիմակայելու մեր պատրաստակամությունը»,- ասել է հոգեբանը:
Ուոլեսը երազներն անվանել է լավագույն ինքնանկար և բացատրել, թե ինչու ենք էրոտիկ երազներ տեսնում ծանոթների մասնակցությամբ: Օրինակ՝ շատերը նախկին զուգընկերների հետ սեքսի մասին երազներն ընկալում են որպես նրանց գրելու կամ նույնիսկ վերադառնալու մասին մտածելու առիթ, ինչը, ըստ հոգեբանի, սկզբունքորեն սխալ է։ Նա պնդում է, որ շատերն են նման երազներ տեսնում ու ակնարկում, որ ժամանակն է անցյալում թողնել վարքի հին օրինաչափությունները։ «Եթե դուք նոր հարաբերությունների մեջ եք, նախկինի հետ կապված էրոտիկ երազները կարող են նախազգուշացում լինել՝ չկրկնել անցյալի սխալները ձեր ներկայիս ռոմանտիկ զուգընկերոջ հետ», - ասում է նա:
Շեֆի հետ սեքսի մասին երազները, ըստ Ուոլեսի, լինում են ոչ թե այն պատճառով, որ գաղտնի երազում եք նրա հետ ննջասենյակում հայտնվել, այլ այն պատճառով, որ ցանկանում եք նրա հետ կարիերայի սանդուղքի նույն աստիճանի վրա կանգնել, ինչպես նաև ցույց են տալիս, որ պետք է զբաղվեք ինքնազարգացումով: «Շեֆերը խորհրդանշում են իշխանությունը և այդ իշխանությունն օգտագործելու կարողությունը։ Այս երազները ցույց են տալիս, որ պետք է ռեալիզացնեք ձեր ամբիցիաները և առաջ տանեք ձեր կարիքները», - ասում է հոգեբանը:
Նույն կերպ է Յան Ուոլեսը վերծանում սեքսի մասին երազները ոչ համակրելի հարևանի, լավագույն ընկերոջ, նախկին դասընկերոջ կամ մեկի հետ, ում ատում եք ինչ-ինչ պատճառներով: Նրա մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ սեքսի մասին երազները ոչ մի կապ չունեն իրական ֆանտազիաների հետ։