Դերասան Ջեկի Չանը որոշել է արևելաչինական Անխոյ նահանգում իրեն պատկանող 10 տներից 4-ը նվիրաբերել Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի համալսարանին: Իր որոշումը նա հրապարակել է Twitter-ի չինական վարկածում՝ Sina Weibo-ում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

«Տները Չինաստանի ճարտարապետական արվեստի գլուխգործոցներ են, և ափսոս է, որ դրանք այդպես էլ ոչ ոք չի գնահատում ըստ արժանվույն»,- գրել է Ջեկի Չանն իր միկրոբլոգում:

Իր տները ինչ-որ մեկին նվիրաբերելու ցանկություն դերասանի մոտ առաջացել էր դեռ 10 տարի առաջ:

Հոնգկոնգում, որտեղ ժամանակի մեծ մասն ապրում էր դերասանը, դրանց համար տեղ չէր գտնվել: Երկու տարի առաջ նա դիմեց Սինգապուրում ապրող իր ընկերներին, ու նրանք Սինգապուրի տեխնոլոգիայի ու դիզայնի համալսարանի տարածքում գտան շինությունների տեղակայման հարմար տարածք:

«Ես գնել եմ տները 20 տարի առաջ՝ իմ ծնողների համար: Դրանք արդեն քանդվում են, քանի որ վաղուց այնտեղ ոչ ոք չի ապրում»,- թերթը մեջբերում է դերասանի խոսքերը:

«Երբ ինձ առաջարկեցին տները նվիրաբերել համալսարանին, ես ուրախությամբ համաձայնեցի նրանց տրամադրել իմ շինություններից 4-ը»,- ասել է դերասանը:

Նրա որոշումը Չինաստանում հասարակական մեծ արձագանք է առաջացրել: Նրան մեղադրում են՝ ասելով, որ ազգային հուշարձանները չի կարելի նվիրել այլ երկրների:

Անխոյի իշխանությունները որոշել են փորձաքննություն անցկացնել ու պարզել շինությունների պատմական արժեքը: