SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է անհետանալ, քանի որ նախկինում անհետացել են այս վիրուսի «ազգակիցները», բայց կարող է նաեւ դառնալ սեզոնային գրիպի նման մի բան։ Այսպիսի կարծիք է հայտնել վարակաբան Վլադիսլավ Ժեմչուգովը։

Նրա խոսքով, ոչ հեռու անցյալում մարդկությունը բախվել է SARS ատիպիկ պնեւմոնիայով եւ մերձավորարեւելյան շնչառական MERS համախտանիշով զանգվածային վարակների, որոնց բռնկումները կապված են այսօրվա SARS-CoV-2-ի ազգակից կորոնավիրուսների ակտիվացման հետ։ Բայց SARS-ը եւ MERS-ը «ուղղակի անհետացան» մուտացիաների բացակայության պատճառով, որոնք նրանց համար կենսունակություն կապահովեին: Նույն ճակատագրին կարող է արժանանալ SARS-CoV-2-ը։

Երկրորդ սցենարը, ըստ մասնագետի, ենթադրում է, որ կորոնավիրուսը, որի դեմ ակտիվորեն պայքարում են մարդիկ, կգտնի ավելի հարմարվող «տերերի», որպես տարբերակ՝ այն կտարածվի կենդանիների շրջանում, որոնց իմունիտետը կգոյակցի դրա հետ՝ առանց օրգանիզմի կյանքի համար սպառնալիքի:

«Օրինակ, Էբոլա վիրուսը չի սպանում մեծ չղջիկներին, որոնց մեջ ապրում է, եւ նրանց իմունիտետը չի ոչնչացնում վիրուսը»,- բացատրել է մասնագետը։

Երրորդ սցենարը ենթադրում է, որ կորոնավիրուսային վարակը կդառնա «երկրորդ գրիպի», այսինքն՝ սեզոնային վարակի պես մի բան։

«Վերջին դեպքում կանոնավոր պատվաստումը փրկություն կլինի մարդկության համար»,- ասել է Ժեմչուգովը։

med.news.am