Անգլիայի Օքսֆորդշիր նահանգի Ուոլինգֆորդ քաղաքից մի զույգ պատմել է իրենց անհաջող հարսանիքի և մեղրամսի պատմությունը։ The Sun-ը նրանց անվանել է Մեծ Բրիտանիայի ամենաանհաջողակ հարսն ու փեսան:
40-ամյա Ջիմը և 41-ամյա Ամելիա Դեսմոնդը երեք անգամ հետաձգել են իրենց հարսանիքը՝ COVID-19 համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով։ Սակայն հետաձգումները միայն սկիզբն էին մի շարք անհաջողությունների։ Արարողությունից մեկ օր առաջ բրիտանացիները ստիպված են եղել նորից պատվիրել ամուսնական մատանիները, քանի որ նախորդները սխալ հասցեով էին առաքվել։ Տոնակատարության օրը լիմուզինը, որով զույգը պետք է հասներ եկեղեցի, չի հասել, իսկ հյուրերը մեկ ժամ սպասել են հարսին ու փեսային։
Տոնից հետո նորապսակները իրենց հարսանիքի գիշերը մնացել են հյուրանոցում, իսկ Ջիմը որոշել է իր սիրելիին գրկած անկողին տանել, սակայն խճճվել է հարսանյաց զգեստի մեջ, ընկել ու կնոջը վայր գցել։ Տղամարդը Ամելիային տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է երեք կողոսկրերի կոտրվածք, և նրան խորհուրդ են տվել հետաձգել մեղրամիսը։
Բրիտանացիները որոշել են չհետևել բժիշկների խորհրդին և ծրագրվածի համաձայն մեկնել Իբիցա' իրենց մեղրամիսը վայելելու։ Զույգը երկու անգամ բաց է թողել թռիչքը. նախ ամուսինները կորցրել են անձնագրերով պայուսակը, իսկ հետո ճամպրուկը թողել տաքսիում։ Վերադառնալով ճանապարհորդությունից՝ նրանք հասկացել են, որ մոռացել են Իսպանիայում գտնվող իրենց բնակարանի և մեքենայի բանալիները։ Արդյունքում նրանք ստիպված են եղել փականագործին վճարել մի քանի հարյուր ֆունտ:
«Բոլոր արհավիրքներն արժեին դրան. ես ամուսնացա իմ երկրորդ կեսի և իմ երազանքների տղամարդու հետ: Հիմա մենք ծիծաղով ենք հիշում հարսանիքը, դա մեր կյանքի լավագույն օրն էր»,- եզրափակել է Ամելիան: