Իտալիայի իրավապահ մարմինները բացահայտել են նկարիչ Մարկ Շագալի նկարի գողության՝ 11-ամյա վաղեմության գործը: Le Nu au Bouquet նատյուրմորտը, որը 2002 թվականին Սավոնա նավահանգստում խարսխված զբոսանավում առևանգվել էր օրինական տիրոջից, հայտնվել է ոչինչ չկասկածող թուրինցի մասնավոր հավաքորդի ձեռքում: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ավանգարդիստ Շագալի աշխատանքը ամերիկացի գործարարը ձեռք էր բերել իր զբոսանավի համար 1998 թվականին, 1,200,000 եվրոյով:
Զբոսանավում վերանորոգման աշխատանքների ժամանակ չարագործները արվեստի թանկարժեք գործը դուրս էին բերել նավից և փոխարինել կրկնօրինակով:
Ոստիկանության հաղորդմամբ՝ 2012 թվականին իրենց դիմել է օրինական տիրոջ ժառանգը, երբ ճանապարհորդելիս է եղել զբոսանավով և նկատել, որ Շագալի ստեղծագործությունը կեղծված է:
Այդ ժամանակ խուզարկուները զբաղված էին մեկ այլ գործի քննությամբ՝ կապված արվեստի գողացված գործերի հետ: Մի շարք թանկարժեք կտավներ վերավաճառվում էին Բոլոնիայի պատկերասրահի միջոցով:
Գործով երեք մարդ է ձերբակալվել՝ զբոսանավի երկու ռումինացի աշխատակիցներն ու պատկերասրահի տերը: Նրանց ցուցմունքների շնորհիվ հաջողվել է պարզել Շագալի նատյուրմորտի նոր տիրոջը: Քննության տվյալներով՝ հավաքորդը նատյուրմորտը ձեռք է բերել 2003 թվականին: