Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը փետրվարի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Մինչ այդ, Աշոտ Խաչատուրյանն ընկերների հետ փետրվարի 2-ին հանդես կգա կամերային բարեգործական համերգով, որի հասույթով ձեռք կբերվի ռոյալ Ստեփանակերտի ռմբակոծված երաժշտական դպրոցի համար, հայտնում է նվագախմբի լրատվական ծառայությունը։
Փետրվարի 4-ին՝ սիմֆոնիկ համերգի ընթացքում, կհնչի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը Բեթհովենի եւ, առհասարակ, այս ժանրի լավագույն ստեղծագործություններից է: Այն մեծ ճանաչում է վայելել դեռ կոմպոզիտորի կյանքի օրոք եւ 250 տարի անց էլ այն դասվում է ամենահաճախ կատարվող ստեղծագործությունների շարքին: Այդ օրը կհնչի նաեւ Թիվ 2-րդ սիմֆոնիան՝ Բեթհովենի վաղ շրջանի ամենակատարյալ ստեղծագործություններից մեկը: Համերգը կղեկավարի ՀԱՖն գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Համերգի մենակատար Աշոտ Խաչատուրյանը հայտնի է դաշնամուրային բարդագույն երկերի ուրույն եւ վիրտուոզ մեկնաբանությամբ: Նա Ս. Ռախմանինովի (2006) և Մարթա Արգերիխի անվան մրցույթների (2007) առաջին, ինչպես նաեւ «Top of the World» (2011) եւ «Concours d’Epinal» (2013) մրցույթների մրցանակակիր է: Ելույթ է ունեցել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային, Նորվեգիայի ռադիոյի, Eighteenth Century, Բազելի սիմֆոնիկ, Վալոնի թագավորական կամերային նվագախմբերի հետ՝ անվանի դիրիժորներ Յան Կեյերսի, Ռոդոլֆո Ֆիշերի, Ավգուստին Դումայի, Դանիելե Գատիի, Թոմաս Զոնդեգարդի, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի եւ այլոց ղեկավարությամբ:
2018թ. հիմնադրել է Իսայիի անվան միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս: