Ռուս երգչուհի Զեմֆիրան յոթ տարվա ընթացքում առաջին երաժշտական հոլովական է հրապարակել։ «Злой человек» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը երգչուհու YouTube-յան ալիքում հրապարակվել է փետրվարի 1-ին։

Հոլովակում նկարահանվել է դերասանուհի Ռենատա Լիտվինովան։ Տեսահոլովակի մեկնաբանություններում նշվում է, որ երկու րոպե տեւողությամբ երգը դարձել է Լիտվինովայի «Հյուսիսային քամի» («Северный ветер») ֆիլմի սաունդթրեքը, որի պրեմիերան նախատեսված է փետրվարի 6-ին։

Նախօրեին Ռենատա Լիտվինովան Instagram-յան էջում հայտնել է Զեմֆիրայի նոր սկավառակի թողարկման մասին։ Դերասանուհին հայտարարել է, որ երգչուհու յոթերորդ սկավառակը հանճարեղ է ստացվել՝ կասկած հայտնելով, որ Զեմֆիրան կարող է երբեւէ ավելի լավ բան ձայնագրել։

Զեմֆիրայի նախորդ ստուդիական սկավառակը՝ «Жить в твоей голове», թողարկվել է 2013թ․-ի փետրվարին՝ ութ տարի առաջ։ «Жить в твоей голове» երգի հիման վրա նկարահանված հոլովակի ռեժիսորը Ռենատա Լիտվինովան էր, այն թողարկվել է 2014թ․-ի հունվարին։