«System of a Down» եւ «North Kingsley» խմբերի բաս կիթառահար Շավո Օդաջյանը քննադատել է միջազգային հանրությանը՝ հայ-ադրբեջանական ճգնաժամն անտեսնելու համար, նշում է «Metal Injection» պարբերականը։

Կայքը նշել է՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ուժերը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին բախվել են հայկական բանակի հետ, ինչն ավարտվել է հրադադարով՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ։

Շավոն նշել է, որ անձամբ ճանաչում է մարդկանց, որոնք մահացել են եւ որ իր նոր՝ «North Kingsley» նախագծի պրոդյուսերն այսժմ Հայաստանում է, քանի որ «բազմաթիվ ընկերների է կորցրել»։ Նա հայտնել է, որ ճանաչում է մարդկանց, որոնք Ամերիկայից Հայաստան են մեկնել կռվելու։ «Նա նշում է, որ երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը փորձում է փրկվել, եւ որ աշխարհը չգիտի՝ ինչ մտածել մեդիա ուղարկվող «ապատեղեկատվության» պատճառով»,- նշում է պարբերականը։

Պարբերականը հիշեցրել է, որ 15 տարվա ընդմիջումից հետո «System of a Down»-ը երկու նոր երգեր է թողարկել, որոնց նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը։