Գերմանացի բլոգեր Յոսի Մարիան Կանարյան կղզիներում արձակուրդի ժամանակ անորեքսիայից մահացել է։ Նա 24 տարեկան էր, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Աղջիկը մեկնել է իր ընկերուհու հետ Կանարյան կղզիներ հանգստանալու, բայց արդեն թռիչքի ժամանակ նա արյան շրջանառության խնդիրներ է ունեցել: Գիշերը բլոգերը քնել է և չի արթնացել: Ողբերգական մահը ցնցել է իր երկրպագուներին, քանի որ մահվանից ընդամենը մի քանի օր առաջ նա հայտարարել է, որ չի ցանկանում դառնալ այն 10 մարդուց մեկը, որ մահանում են անորեքսիայից՝ չկարողանալով հաղթահարել հիվանդությունը:
«Մենք մինչև վերջին պահը հիանում էինք քեզանով ՝ նայելով, թե ինչպես ես պայքարում այդ լուրջ հիվանդության դեմ, և մենք ստիպված էինք անօգնական հետևել, թե ինչպես ես պարտվում այդ ճակատամարտում»,- Instagram-ում գրել է աղջկա մայրը:
Յոսի Մարիան երբեք չի թաքցրել իր հիվանդությունը։ Նա երկրպագուներին պատմել է անորեքսիայի դեմ պայքարում իր առաջընթացի մասին և ուրիշներին հորդորել պատմել իրենց խնդիրների մասին:
Անորեքսիան ախտաբանական վիճակ է, որի դեպքում նկատվում է ախորժակի լիակատար բացակայություն օրգանիզմի սնման օբյեկտիվ անհրաժեշտության առկայության պարագայում: Անորեքսիայի առաջացումը կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով. օրինակ՝ պարազիտար ինվազիա և վարակիչ հիվանդություններ, մարսողական համակարգի հիվանդություններ: Առանձին դիտարկման է արժանի նյարդային անորեքսիան:
Նյարդային անորեքսիան իրենից ներկայացնում է սննդի ընդունման խախտում, որի դեպքում մարդը կանխամտածված հրաժարվում է սննդից հանուն քաշի նվազեցման: Հաճախ այս հիվանդությունը հանդիպում է աղջիկների մոտ: Այնուամենայնիվ այն կարող է դիտվել ոչ միայն երիտասարդ, այլև հասուն տարիքում, ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց շրջանում: