Հայաստանն Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու համար ընտրել է Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը, հայտնում է Variety-ն։

Սցենարը գրել է Օդրի Գեւորգյանը, ֆիլմի հիմքում Սիրվարդ Կավուկչյանի գրած պատմությունն է։ Ժապավենը ներկայացնում է Կոմիտասի կյանքի պատմությունը, որը, ըստ պարբերականի, խորն ազդեցություն է ունեցել էթնոերաժշտության վրա։ Ժապավենն ընդգրկում է 1881-1915թթ. ընկած ժամանակահատվածը, որն առնչվում է ինչպես Հայոց ցեղասպանությանն, այնպես էլ Կոմիտասի վերջին համերգին։

Ֆիլմում խաղացել են Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը եւ Ժան Նշանյանը, ինչպես նաեւ փոքրիկ դերասաններ Սլավա Սեյրանյանը, Իռեն Այվազյանը եւ Մերի Հովսեփյանը։

Պարբերականը նշել է, որ Հայաստանում նոյեմբերի 26-ին թողարկված ֆիլմի պրոդյուսերներն են Նիք Վալելոնգան, Ասքո Հակոբյանը եւ Նշանյանը։ Գլխավոր պրոդյուսերը Կարո Կավուկչյանն է։ Նիք Վալելոնգան Կինոակադեմիայի մրցանակ է շահել «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն սցենար» անվանակարգերում հաղթած 2018թ.-ի «Կանաչ գիրքը» (Green Book) ֆիլմի համար։ «Սողոմոնի երգերը» ԱՄՆ-ում կցուցադրվի 2021թ.-ին։

«Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը COVID-19-ի համավարակի հետեւանքով 2021թ.-ի փետրվարի 28-ի փոխարեն տեղի կունենա երկու ամիս անց՝ ապրիլի 25-ին։