Հայ կին գրող Սրբուհի Տյուսաբի անունն այսօր շատ քիչ բան կարող է ասել կամ ընդհանրապես ոչինչ չասել մեզանից շատերին, քանի որ այս հեղինակն ինչ-ինչ պատճառներով երբեք չի եղել ոչ միայն հայ գրականության դասավանդման դպրոցական ծրագրում, այլև բուհերի մասնագիտական ֆակուլտետներում նրա կյանքին ու գործունեությանը անդրադառնալն այլևս չեն կարևորում: Սակայն կարևորեցինք մենք' Սրբուհի Տյուսաբի կյանքի որոշ դրվագներին հետադարձ հայցք գցելով կանանց միամսյակին ընդառաջ, ըստ այդմ նաև' մեր ժամանակակից բոլոր գրողներին շնորհավորելով Մարտի 3-ի' Գրողների միջազգային օրվա կապակցությամբ:
Այն, որ գրականագետների կարծիքով Սրբուհի Տյուսաբի ստեղծած երեք վեպերը դարն ապրած են, չի նշանակում, որ Տյուսաբը լուրջ ազդեցություն չի ունեցել իր ժամանակի հայ հասարակության, կնոջ մտածելակերպի և հասարակության մեջ կնոջ ունեցած կարևոր դերի վրա: Սրբուհի Տյուսաբի ունեցած ներդրումն անուրանալի է մեր հասարակական կյանքում, ինչի շնորհիվ էլ նրան կոչել են «հայոց Ժորժ Սանդ», «հայ գրականության նահապետուհի», հայ ֆեմինիզմի ավանգարդ:

Պոլսահայ Վահանյանների բարեկեցիկ հարկի ներքո 1840-ին ծնված Սրբուհին, ստանալով ֆրանսիական կրթություն, ինչպես ընդունված էր ժամանակի հայ հարուստ ընտանիքների շրջանում, չօտարացավ հայկական միջավայրից: Երիտասարդ աղջկա հայկական ինքնագիտակցության զարգացման գործում կարևոր դեր ունեցավ նրա ուսուցիչը' բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: Ըստ գրականագետների' Պեշիկթաշլյանը սիրահարված էր իր ուշիմ և գեղեցիկ աշակերտուհուն, սակայն նրանց միջև սոցիալական և տարիքային տարբերությունը խոչընդոտել են զգացմունքների զարգացմանը: Սրբուհի Վահանյանը Տյուսաբ ազգանունը ձեռք բերեց ամուսնությունից հետո. 1871-ին, այն ժամանակվա հայ կանանց համար բավականին ուշ տարիքում' երեսուն տարեկանում, նա ընտանիք կազմեց Պոլսում ծնված ֆրանսիացի դաշնակահար, խմբավար, երաժշտագետ Պոլ Տյուսաբի հետ: Տյուսաբ ամուսիններն ունեցել են եվրոպական ոճի սալոն, որտեղ հավաքվել են ժամանակին Պոլսի հայ և եվրոպացի մտավորականներն ու արվեստագետները, լիբերալ' ազատական հայացքների տեր հանրային գործիչները: 1879-ին Սրբուհին ու մայրը' Նազլը Վահանը, հիմնել են «Դպրոցասեր տիկնանց միությունը», որի պատվավոր անդամ էր նաև աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: Իսկ ահա 1880-81թթ. Սրբուհին տպագրվում է տեղի մամուլում' արծարծելով սեռերի հավասարության, կնոջ աշխատելու իրավունքի և այս կարգի այլ հոդվածներ' դառնալով հայ ֆեմինիզմի հիմնադիրը: Դրանց հետևում են նաև Տյուսաբի երեք վեպերը' «Մայտա», «Սիրանույշ» և «Արաքսյա կամ Վարժուհի», որոնցում արծարծում էր կնոջ ազատագրության խնդիրները:

Իր ժամանակի համար չափազանց համարձակ էին Տյուսաբի գաղափարները, ուստի զարմանալի չէ, որ շատ մտավորականներ' անգամ առաջադեմները (ինչպես Գրիգոր Զոհրապը) հանդես են եկել վիպասանուհու դեմ հոդվածներով: Սակայն դա չի ընկճել ու կաշկանդել հայ առաջին կին վիպասանին, ով իրենից հետո ճանապարհ է հարթել շատ հայ կին գրողների համար: «Երբ մի մարդ իր իրավունքները պաշտպանել չգիտի, արժանի չէ դրանք վայելելու», «Մարդիկ ընդհանրապես կարեկցում են թշվառնենրին, բայց չար են երջանիկների նկատմամբ»,- ասել է Սրբուհի Տյուսաբը' միաժամանակ գիտակցելով, որ «գրականության ասպարեզը կնոջ համար ավելի շատ տատասկներ ունի, քան վարդեր»: