Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, որը հայտնել է արցախյան հերոսական դիմակայության մասին ֆիլմ նկարելու մտադրության մասին, հետեւում է ու արձագանքում Արցախում ծավալվող իրադարձություններին։ «Ահաբեկչության եւ բեսպրեդելի այս փաստը պետք է փաստագրված լինի կինեմատոգրաֆում, որպեսզի նրանք չկարողանան իրենց վրայից լվանալ այդ բիծը»,- նշել էր ռեժիսորը, որը նոր գրառում է արել՝ կարճ տեսանյութ հրապարակելով։
«Այսօր հայկական դեսպանատան մոտ։ Նրանք, ովքեր ինչ-որ կերպ հիշում են պատմությունը, հասկանում են, որ համաշխարհային բոլոր պատերազմները սկսվել են առաջին հայացքից ոչնչից։ Ժամանակին ԽՍՀՄ-ը աչք էր փակում նրա վրա, թե ինչ էր Հիլտերն անում արեւելյան Եվրոպայում՝ կարծելով, թե վերջինս կհանգստանա, բայց մենք լավ ենք հիշում հետեւանքները։ Միլիոնավոր մահացածներ ու ատելություն Լեհաստանի եւ այլ երկրների կողմից այն պատճառով, որ մենք թույլ ենք տվել, որ դա տեղի ունենա։ Այսօր ես տեսնում եմ մի իրավիճակ, երբ աշխարհը լռում է եւ ձեւացնում, թե ոչինչ տեղի չի ունենում։ Ժողովուրդը, որը Հոլոքոսթ է ապրել, զենք է վաճառում։ Վրաստանն ու Ուկրաինան ի հեճուկս Ռուսաստանի օգնում են Թուրքիային, իսկ Ռուսաստանը դադար է վերցրել։
Հայերը ժողովրդական ասացվածք ունեն՝ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, բայց մենք հավատում ենք հրաշքներին ու գիտենք, որ Դավիթը հաղթեց Գոլիաֆին՝ ավելի թույլ լինելով։ Թույլ տալով սպանել իմ ժողովրդին՝ աշխարհն ու Ռուսաստանը խոստովանեցին, որ ըստ էության՝ քրիստոնեական, էթիկական, բարոյական հիմքերը մոռացել են գումարի դիմաց։ Ես այսպես կասեմ՝ մեծն երաժիշտները, գրողները, գիտնականները, որոնց Հայաստանը տվել է աշխարհին, չեն մոռացվի ու կրկին կհայտնվեն, իսկ նավթն ու գազը մի օր կավարտվեն։ Մենք ապրիորի հաղթող ենք ցանկացած պատերազմում»,- գրել է նա։