Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով հավաքականն Ազգերի լիգայի որակավորման երրորդ տուրում կփորձի անակնկալի բերել վրացիներին:
Նախախաղային ասուլիսի ժամանակ Մխիթարյանը խոսել է հավաքականի շարքերը նոր համալրած Վահան Բիչախչյանի մասին' շեշտելով. «Առաջին անգամ եմ նրա հետ մարզվում: Լավ տպավորություն է թողել, տաղանդավոր ֆուտբոլիստ է: Հուսով եմ, որ իր վրա ավելի շատ կաշխատի: Զգացնել է տալիս, որ բուռն ցանկություն ունի լավ խաղալու: Ասել եմ, որ կանգ չառնի ձեռքբերածով»:
Խոսելով հավաքական հրավիրված 10 նոր ֆուտբոլիստների մասին' Մխիթարյանը շեշտեց, որ նրանք, ովքեր այսօր ներկա են հավաքին, փորձելու են իրենց ներդրումն ունենալ հաղթանակի հասնելու գործում:
«Մեզնից ինչ կախվածն անելու ենք, որ բարելավենք մրցաշարային աղյուսակում մեր դիրքը: Հենց առաջին օրից էլ շատ բան ենք սովորել պարոն Կապառոսից: Նա շատ լավ և ուժեղ մասնագետ է, որն արդեն ապացուցել է դա: Հաճելի մարզումներ ենք անցկացնում և հույս ունեմ, որ Կապառոսը մեծ օգուտ կտա հավաքականին»,-ասել է կիսապատշպանը:
Անդրադառնալով առաջիկա մրցակցին' Վրաստանի ընտրանուն, Մխիթարյանը փաստեց, որ մրցակցին լավ վերլուծել են և ծանոթ են նրանց: «Վերջին մի քանի հանդիպումներում Վրաստանի ընտրանին լավ է հանդես եկել, բայց դա ոչինչ չի նշանակում: Փորձելու ենք Վրաստանին անակնկալի բերել' խաղալ մեր խաղը և հաջողության հասնել»,-եզրափակեց Մխիթարյանը: