Իտալական Fendi եւ ֆրանսիական Chanel նորաձեւությունների տների նախկին ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդի ծնողները նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցության անդամներ են եղել։ Այս մասին հայտնի է դարձել գերմանացի լրագրող Ալֆոնս Կայզերի «Գերմանացին Փարիզում» գրքից, որը պետք է հրատապարկվի այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հայտնում է The Irish Times-ը։
Մասնավորապես, գրքում լուսանկար է հրապարակվել Լագերֆելների ալբոմից, որն արվել է 1938թ.-ին։ Չորամյա Կարլը բավարական շորտով պատկերված է ընտանիքի տան ֆոնին, որի վրա ծածանվում է կեռաչախով դրոշը։
Օտո Լագերֆելդը Գերմանիայում Glücksklee խտացրած կաթի արտադրությամբ զբաղվող նախաձեռնության սեփականատեր էր։ 1940-ականների սկզբին ընկերության շրջանառությունը կազմում էր տասնյակ հազարավոր ռեյխսմարկ եւ հավասար էր 280 հազար եվրոյի։
Ալֆոնս Կայզերն այդ հաջողությունը կապում է Լագերֆելդների՝ նացիստական կուսակցությանն անդամակցության հետ։ Գրքի հեղինակը փաստաթղթեր է գտել, որոնք վկայում են, որ Օտո Լագերֆելդը կուսակցությանը միացել է 1933թ.-ին՝ չորս ամիս անց այն բանից, երբ Ադոլֆ Հիտլերը Գերմանիայում իշխանության եկավ՝ զբաղեցնելով ռեյխսկանցլերի պաշտոնը։
Կուսակցության շարքում Օտո Լագերֆելդին միացել է նաեւ նրա կինը՝ դիզայների մայրը, սակայն հետագայում նա վիճարկել է այդ փաստը։