Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել Արուսյակ Մկրտչյանի ( DJ Վակցինա) երեխայի և օրենսդրական բացերի վերաբերյալ.

«Արուսիկ Մկրտչյանը (հանրային դաշտում ավելի հայտնի որպես DJ Վակցինա) արդեն մի քանի օր է սոցիալական ցանցերում բարձրաձայնում է, որ իր երեխայի հայրը՝  իրենից առանձին բնակվող Ռուբեն Խաչատրյանը, վերցրել է երեխային, և մայրը որևէ տեղեկություն չունի փոքրիկի գտնվելու վայրի ու որպիսության մասին։ Արուսյակ Մկրտչյանի փոխանցմամբ՝ երեխան վատառողջ է և հատուկ խնամքի կարիք ունի, ուստի մայրն անհանգիստ է նաև երեխայի առողջական վիճակից ելնելով։ Այս ժամանակահատվածի ընթացքում մայրը բախել է բոլոր դռները, սակայն որևէ պատկան մարմին չի փորձել օգնել նրան։ 

Ստեղծված իրավիճակն առավել խնդրահարույց է ներպետական օրենսդրական կարգավորումների անկատարության արդյունքում։

Առհասարակ, երեխան ունի իր ծնողների հետ շփվելու իրավունք, և ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչելը կամ նրանց առանձին բնակվելը չի սահմանափակում երեխայի այդ իրավունքը։ Միաժամանակ, երեխայից առանձին ապրող ծնողն էլ իրավունք ունի երեխայի հետ շփվելու[1], սակայն մշտապես անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, և ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ[2]։

Հայաստանում մինչ դատական կարգով երեխայի նկատմամբ խնամակալության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը փաստացի որևէ կառույց հարցի լուծման կապակցությամբ օժտված չէ օրենսդրական հստակ լծակներով։ Հանրապետության տարածքում խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունների շրջանակը ևս սահմանափակ է, և նշված մարմինները մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում կարող են պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին չխանգարելու այդ շփմանը[3]։ Իր հերթին, Քրեական օրենսգիրքը ծնողի կողմից երեխային առևանգելու վերաբերյալ որևէ դրույթ ևս չի սահմանում։

 

Այս առումով միջազգային փորձի[4] ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտանեկան հարցերով մասնագիտացված դատարանները, գնահատելով իրավիճակն ու առաջնորդվելով երեխայի լավագույն շահի սկզբունքով, հնարավոր սեղմ ժամկետներում կարող են որոշում կայացնել (child recovery order)` պարտադրելու երեխային հետ վերադարձնել։

Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն նշված ընթացակարգի բացակայությունը, այլև առհասարակ երեխայի լավագույն շահի պաշտպանության երաշխիքի բացակայությունն ինքնին առավել խնդրային է դարձնում երեխաների վերաբերյալ ցանկացած որոշման կայացում։

Այս առումով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2015 թվականի մայիսի 6-ի № 2056 (2015) բանաձևով[5] անդամ պետություններին կոչ է անում ապահովել, որ երեխաների՝ որպես իրավունքի ինքնուրույն սուբյեկտների լավագույն շահերն առաջնային ուշադրության արժանանան երեխաների պաշտպանությանն ու զարգացմանը միտված ցանկացած հանրային կամ մասնավոր գործողության շրջանակներում։

Համանման կարգավորումներ են նախատեսված նաև ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով[6], ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներում[7], համաձայն որոնց՝ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունի երեխայի լավագույն շահը, որի գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից։

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ պետությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի ներդնելու ընթացակարգային կարգավորումներ, որոնք կապահովեն երկուստեք երեխայի լավագույն շահի ապահովումն ու ծնողների իրավունքների պաշտապանությունը»։

 Կարդացեք նաև` DJ Վակցինան դեռևս նորություն չունի երեխայից. հույս ունի՝ երեխային կկարողանա վերադարձնել՝ հանրային ալիք բարձրացնելով


[1] ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդվածներ 42, 54

[2] ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 53

[3] https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=106809

[4] Տես Մեծ Բրիտանիայի, Ավստրիալիայի օրինակները https://www.familycourt.wa.gov.au/A/application_recovery_orders.aspx, http://www.familycourt.gov.au/wps/wcm/connect/fcoaweb/family-law-matters/parenting/recovery-orders/  

[5] https://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=21783&lang=en

[6] https://www.ohchr.org/en/professionalinterest/pages/crc.aspx

[7] Տես օրինակ՝ «N.Ts. v. Georgia» 2016 թվականի փետրվարի 2-ի գործով վճիռը, «C. v. Finland» 2006 թվականի մայիսի 9-ի գործով վճիռը, «Olsson v. Sweden» 1988 թվականի մարտի 24-ի գործով վճիռը