Երգչուհի Սոնայի հետ, ում անձի շուրջ վերջերս խարդավանքներ ու բամբասանքներ են պտտվում, հանդիպեցինք միանգամայն պատահաբար, երեւանյան «…Yans» ակումբում: Մենք վաղուց էինք պայմանավորվում հարցազրույցի համար, սակայն Սոնան զբաղված էր «Հայաստանի ձայն»-ով եւ ժամանակ չէր գտնում: Իսկ այս պատահական հանդիպումը վերածվեց նրա անձի, մանկության տարիների, բնավորության շիտակության մասին զրույցի: Բայց այդ մասին NEWS.am STYLE-ը կպատմի ավելի ուշ: Իսկ առայժմ կռվախնձորի՝ Մաշա Մնջոյանի եւ երգչուհու հովանավորյալի ու Արտո Թունջբոյաջյանի հետ կապված ամեն ինչի հանդեպ նրա վերաբերմունքի մասին:
Սոնա, վստահ եմ, որ այս հարցը վերջին շրջանում Ձեզ բավական հաճախ են տվել: Ձեր եւ Արտո Թունջբոյաջյանի միջեւ ծագած վերջին կոնֆլիկտի հետ կապված Ձեր վրա բացասական էներգիայի մի ամբողջ հեղեղ տեղաց: Շատերը հենց Արտոյին էին պաշտպանում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է դա պայմանավորված:
Կարծում եմ, որ դա կոմպետենտ հարց չէ: Եվ գիտեք ինչո՞ւ: Որովհետեւ Արտոյին ոչ բոլորն են պաշտպանել: Իսկ նրանք, ովքեր այդ արել են, հիմնականում հայկական սփյուռքից էին:
Ես կարող եմ դատել միայն այն մեկնաբանություններից, որոնք կային մեր նյութի տակ…
Ամեն ինչում մոնտաժն է մեղավոր: Եթե մենք ուղիղ եթերի ռեժիմում լինեինք, ինչպես կիսաեզրափակչում կամ եզրափակչում, ժողովուրդը կհասկանար, որ Սոնան երբեք հենց այնպես մարդուն դիտողություն չի անում եւ, առավել եւս, այդ կերպ: Բոլոր հարցազրույցներում, որոնք մարդը տվել է, տալիս է եւ չի տվել, պահել է խոսքը…
Նա հարցազրույց չի տվել…
Հիմա տալիս է: Ինձ արդեն ցույց են տվել: Համացանցում ձայնագրություն կա, որտեղ նա ասում է, իբրեւ թե Սոնան հարձակվում է իր վրա եւ որ նա ոչինչ չի ասել Արթուր Գրիգորյանի մասին: Դա ճիշտ չէ: Տաղավարում շատ մարդ կար, ովքեր լսել են դա: Իսկ մոնտաժից հետո բոլորի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Արտոն լավն է, իսկ Սոնան անկյունից վազել եւ հարձակվել է նրա վրա:
Ես նրան շատ եմ հարգում որպես երաժիշտ, բայց, այդ տաղանդից բացի, ինձ համար կարեւոր է մարդկայնության առկայությունը: Որպեսզի մարդը մարդ մնա: Ինչպե՞ս կարելի է իրեն այդպես պահել: Ես ինչ-որ չեմ պատկերացնում: Եվ մոնտաժից ենթադրություններ անել ճիշտ չէ: Խելացի մարդիկ տեսել են Մաշայի վիճակը:
Նրա վիճակը չեն ցուցադրել…
Ինչո՞ւ, նկատելի էր, որ Մաշան հազիվ է ոտքի վրա կանգնում: Ցույց տվեցին, որ երեխան երգեց: Դրանից հետո մարդը հարցնում է, թե ով է գրել Հայաստանի օրհներգը: Մի քանի անգամ: Դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես ինչ-որ մեկը մեռել է: Մենք կարող էինք այդ պահին հարցնել ամբողջ դահլիճին, թե վերջապես ո՞վ է գրել օրհներգը: Կամ նա կարող էր ինձ հարցնել: Բայց ի՞նչ կապ ունի այն, որ երեխան Արթուր Գրիգորյանի երգն է երգել: Ի՞նչ կապ ունի, որ Սոնան այն բլյուզի է վերածել: Այո, ես փոխել եմ երգը, ինչպես Արտոն է փոխել շատ երգեր: Ինձ իմանալով՝ անհնար է պատկերացնել, որ ես երգը փոխել եմ երաժշտական այլ ուղղությամբ: Անարդարության հեղեղ տեղաց նաեւ Արթուր Գրիգորյանի հասցեին: Ես դա պրոֆեսիոնալ չեմ համարում. մյուս երաժիշտներին մեջքի հետեւից կեղտոտել: Եթե ասելիք ունեք, ասեք դեմքին: Իհարկե, պայմանով, որ ձեր ողնաշարը դա թույլ է տալիս:
Եվ ամեն ինչ հերքել, հարցազրույց տալ, ասել, որ Սոնան հարձակվում է, պարզապես շատ ամոթ է: Ես մի քանի անգամ կոչ եմ արել. «Դուք 55 տարեկան եք, Ձեր առջեւ 18 տարեկան երեխա է կանգնած, պետք չէ այդպես վարվել»: Երեք անգամ խնդրել եմ՝ մինչեւ շարունակելը: Բայց նա, հավանաբար, էյֆորիայի մեջ էր:
Եվ ամեն դեպքում, ժողովրդին չես խաբի: Արդարություն կա: Իսկ մարդիկ եզրակացություն են արել միայն մոնտաժի, ձայնագրության հիման վրա: Ես, ի դեպ, դիմել եմ նաեւ Armenia TV-ին. չէ՞ որ նման մոնտաժ չէր կարելի անել: Հարկավոր էր ամեն ինչ թողնել, որպեսզի ժողովուրդն իսկապես հասկանար՝ ով ով է եւ ով ինչ է անում այս կյանքում: Սոնան չմտածված ոչինչ չի ասում: Սոնան միշտ սթափ հայացք ունի: Ես ցանկանում եմ, որ այդ ընդգծեք: Եվ համեմունք Սոնան գործածում է միայն ճաշի հետ: Ուտում է: Պա՞րզ է:
Մաշան Ձեզ համար ինչպես երեխա է: Իսկ ի՞նչ է սպասում այդ երեխային՝ բացի այն ամենից, որ նա ստացավ որպես «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող:
Ճիշտ է, ես երեխաներ չունեմ: Եվ Մաշան… Նա ինձ համար կարծես իմ սեփական երեխան է: Բայց բացի այն, որ նա դեռ երեխա է, նա ինձ ապշեցրեց իր ներաշխարհով: Ամեն ինչ, որ ներսում եւ դրսում է, վաղ թե ուշ դուրս է լողում: Եվ Մաշան հաստատ Bellagio-ում չի երգելու: Կարելի՞ է իմանալ, որտե՞ղ է երգում նա, որ այդ ամենն ասում է:
«…Yans»-ում…
Ո՛չ, ոչ միայն: «…Yans»-ը լավագույն տարբերակն է: Տեսնելով հարցազրույցը, ես եւս մեկ անգամ հասկացա, որ մարդիկ դիմակներով են քայլում: Ինչո՞ւ կեղտոտել բոլոր արտիստներին, ովքեր իրենց ունկնդիրն ունեն: Ո՛չ բոլորին է դուր գալիս Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունը, վստահեցնում եմ ձեզ: Թող մարզադաշտ հավաքի:
Կայացած երգիչը գիտե՞ք ով է: Թաթան, ով սկզբից մինչեւ վերջ պրոֆեսիոնալ ու մարդ մնաց: Երկուսն էլ: Կայացած մարդը չի պահում իրեն այնպես, ինչպես ոմն տարիքով մարդ:
Եվ դեռ հարցազրույց է տալիս այն մասին, թե Մաշան որտե՞ղ կերգի: Դու ճակատագրերի հետ մի խաղա: Դու քո կյանքով ապրիր: Քո քթին նայիր, հայելու մեջ նայիր: Դու զբաղվիր քո կյանքով, իսկ կյանքը ցույց կտա՝ ով որտեղ կերգի: Ու չեմ ուզում ավելին ասել իր հովանավորյալների մասին:
Պարզապես մարդուն ձեռք չի տալիս կողքից դիտել, թե ինչ է արել, ինչպիսի ճանապարհ է անցել: Օրինակ, Սոֆին ինչպիսի ճանապարհ է անցել, եւ Նարեկը երկրորդ տեղը զբաղեցրեց, ինչի առիթով նրանց շնորհավորում եմ: Ոչ ոք ոչ մեկին չի կարող գնել, որովհետեւ նախագիծը մերը չէ, այն համաշխարհային է: Ամեն ինչին հետեւում էին: Եվ ժողովրդին չէինք կարող գնել: Դուք տոկոսային հարաբերությունը նայեք, խնդրեմ: Այդ պատճառով ինձ համար շատ տհաճ է: Ես ոչ մի լրագրողի հարցազրույց չէի տալիս: Եվ երեկ տեսնում եմ՝ նա նորից ինչ-որ մեկին ասել է, որ Սոնան հարձակվում է:
Գիտեք, ես անձամբ նրան զանգահարել եւ խնդրել եմ մեկնաբանություն տալ: Բայց նա մերժեց…
Ինձ նույնպես: Բայց երեկ տեսնում եմ՝ մարդն ասում է, որ Սոնան իր վրա հարձակվել է՝ ինչպես երեք գլխանի վիշապ: Եվ դեռ իմ ձայնն է ծաղրում: Տեսե՞լ եք: Եվ դեռ քայլել է բոլոր երաժիշտների վրայով: Դուք 56 տարեկան եք, դա ձեզ չի զարդարում: Ոչ մի կերպ: Եվ ես կրկնում եմ. ո՛չ բոլորին է դուր գալիս Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունը:
Գնա լիքը համերգներ տուր, քո գործն առաջ տար: Ու եթե համաշխարհային պայմանագրերից ես խոսում, կարա՞նք տեսնենք իրա համաշխարհային պայմանագիրը: Ես նորից կլռեի եւ լռում եմ: Իսկ երբ իրեն հարցնում ես՝ «Ես բան չեմ ասել, Սոնա ջան»: Անգելներ ա իրա մոտ աճում:
Ինչի՞ ես դու Մաշայի մոտ անում: Մի անգա՞մ: Բա Արթուր Գրիգորյանը ի՞նչ ա քեզ արել, հը՞ն: Քո թիմը քո երգերը որտե՞ղ ա երգում: Գրիգոր Թոփչյանը ո՞ւր ա, Աննա Ավետյանը ո՞ւր ա: Էդ մարդն իրա մակարդակը ցույց տվեց: Ու իմ տնազ անողը, ասեմ, ինքը իրա փոսը փորում ա: Սոնայի տնազ անող չկա: Լավ իմացեք, վատ իմաստով եմ ասում:
Զրուցեց՝ Մարինա Ադուլյանը
Հարկ է նկատել, որ տեքստի ուղղությամբ խմբագրական աշխատանք գրեթե չի տարվել: Երգչուհու բոլոր խոսքերը փոխանցվել են բառացիորեն: Զրույցի ձայնագրությունը NEWS.am STYLE-ի խմբագրությունում է:
Հարցազրույցից հետո Սոնան խնդրեց տեքստում եւս մեկ նախադասություն ավելացնել. «Հետեւելով մարդկանց՝ տպավորություն է ստեղծվում, որ որոշներին վաղուց ժամանակն է գնալ Զմրուխտե քաղաք… ում համար՝ քաջության հետեւից… ում համար՝ սրտի… իսկ ում համար էլ՝ ընդհանրապես ուղեղի հետեւից…»: