«Ֆեյսբուք» ընկերությանը մեղադրանք է առաջադրվել «Ինստագրամ»-ի միջոցով ավելի քան 100 մլն օգտատիրոջ կենսաբանական տվյալները հավաքագրելու համար: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Business Insider պարբերականին: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ «Ինստագրամ»-ում օգտագործվում է գործիք, որը հնարավորություն ունի ճանաչելու օգտատերերի դեմքերը և դրանք արխիվացնելու տվյալների բազայում:
Ենթադրվում է, որ սոցիալական էջը ավտոմատ կերպով սկանավորում է օգտատերերի դեմքերը տեղադրված լուսանկարների միջոցով, ընդ որում՝ այդ լուսանկարներում կարող են լինել նաև նրանք, ովքեր «Ինստագրամ»-ի օգտատեր չեն:
Պարբերականը մեջբերել է մեղադրանքի բովանդակությունը, որտեղ ասվում է.
«Երբ «Ֆեյսբուք»-ը հավաքագրում է «Ինստագրամ»-ի օգտատիրոջ կենսաբանական տվյալները, հնարավորություն է ստանում ճանաչելու իր օգտատիրոջ դեմքը ընկերության սոցցանցերում, այդ թվում «Ֆեյսբուք»-ում: Ընկերությունը դա անում է առանց օգտատիրոջը ծանուցելու և առանց տեղեկատվություն տրամադրելու, ինչը հակասում է ԱՄՆ Իլինոյս նահանգի օրենսդրությանը»:
Նշվում է, որ ԱՄՆ Իլինոյս նահանգի օրենսդրության հավաձայն՝ «Ֆեյսբուք»-ը խախտման համար պարտավոր է վճարել 1-ից մինչև 5000 դոլար, իսկ տուգանքի ընդհանուր չափը կարող է հասնել մինչև 500 մլրդ դոլարի:
«Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչ Ստեֆանի Օտեյը հերքել է մեղադրանքը:
«Առաջադրված մեղադրանքը անհիմն է: «Ինստագրամ»-ում չի օգտագործվում տեխնոլոգիա, որը կարող է ճանաչել դեմքերը»,- ասել է նա: