Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից հետո հատկապես երիտասարդների շրջանում լայն տարածում գտավ «Տիկ Տոկ» հավելվածը:

 

Հավելվածում գրանցած հայերը, ովքեր իրենց հաճախ անվանում են «տիկտոկահայեր», կիսվում են տարաբնույթ հոլովակներով. ոմանք պարում են, ոմանք կիսվում վիդեոխմբագրման իրենց ունակություններով, ոմանք ներկայացնում են բաղադրատոմսեր, ոմանք էլ ուղղակի զվարճացնում են իրենց հետևորդներին:

Ձեզ ենք ներկայացնում ամենաօրիգինալ ու հայտնի «տիկտոկահայերից» մի քանիսին:

«Kingruzie» անունով օգտատերը «Տիկ Տոկ»-ում ունի մոտ 35 հազար հետևորդ: Իր վառ արտաքինով տարբերվող Ռուզաննա Բարսեղյանը հաճախ կիսվում է պարային հոլովակներով, երբեմն էլ ուղղակի կադրեր է հրապարակում իր առօրյայից: 

Հավելվածում հայտնի օգտատերերից է նաև «Alex.alexiss»-ը, ով հիմնականում կիսվում է զվարճալի հոլովակներով կամ նմանակում է հայ հայտնիներին: Օգտատերն ունի 30 հազար հետևորդ:

Թվում է` համեղ ուտեստների բաղադրատոմսերը, Շամշադինի բարբառն ու «Տիկ Տոկ»-ում հայտնի լինելն անհամատեղելի են, սակայն, պարզվում է, որ ռուսաստանաբնակ վլոգեր Աֆինա Գրիգորյանին հաջողվել է դա հնարավոր դարձնել:

Աֆինան ունի մոտ 15 հազար հետևորդ, ովքեր մեկնաբանություններում հաճախ անկեղծանում են` իրենց ավելի շատ դուր է գալիս աղջկա շամշադինյան բարբառը, քան հենց պատրաստած ուտեստները:

Եվ «Տիկ Տոկ»-ի ամենահայտնի «աճպարարը»` Նահապետ Արշակյանը, ով ունի մոտ 60 հազար հետևորդ: Նահապետը հայտնի է վիդեոմոնտաժի իր ունակություններով, ինչպես նաև հումորային հոլովակներով: Ներկայացնում ենք նրա տեսանյութերից մեկը: