Օրվա իշխանություններին հաճախ են մեղադրում երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության վրա աչք փակելու, այն շրջանցելու կամ ինչն էլ ավելի վատ է՝ այն բացահայտ խախտելու համար: Պետք է փաստենք, որ այդ մեղադրանքները բնավ էլ հիմքերից զուրկ չեն: Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն իրենց քաղաքական խնդիրների լուծման գլխավոր և թերևս միակ ճանապարհ են հռչակել՝ հակասահմանադրական քայլերը: Եվ այսպես՝ քանի անգամ և ինչ քաղաքական, նեղ խմբային խնդիրներ լուծելու նպատակով են իշխանությունները դեմ գնացել Սահմանադրության պահանջներին: 

 

Դիցուք՝ նախորդ տարի վարչապետի աշխատակազմը մշակել և հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգեւատրման ֆոնդից աշխատողների պարգեւատրման միասնական կարգը եւ պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Հարկ է նկատել, որ ներկայացված որոշմամբ խախտվել է 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքը: Խախտումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 

Առնվազն հինգ նախարարության մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել Սահմանադրության կոպիտ խախտում, քանի որ վարչապետն իրավունք չուներ չներկայացնելու նախարարի թեկնածուներ: Մինչդեռ Փաշինյանը ոտքը կախ է գցել հասկանալի պատճառներով՝ չկային համապատասխան պրոֆեսիոնալ կադրեր և այս խնդիրը կարելի է համարել իշխանությունների աքիլեսյան գարշապարը: 


Հուլիսի 3-ին, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում է կայացրել զինվորական կոչումներ շնորհել։ Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու մասին որոշումներ կայացնելը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, քանի որ ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ»: Նա իրավունք չուներ նաև հայտարարել, որ զինվորական կոչումներ շնորհելու մասին իր կայացրած որոշումներն ուժի մեջ են մտնելու նախագահի կողմից համապատասխան հրամանագրեր ստորագրելու պահից, քանի որ զինվորական կոչումներ շնորհելու համար կան մի շարք ընթացակարգեր և նախագահի կողմից եռօրյա ժամկետում ստորագրելը տարբերակներից մեկն է միայն։ Սա էլ հերթական դեպքն է, երբ վարչապետը փորձում է իշխանության վերմակը քաշել միայն իր վրա՝ զրկելով մյուսներին անգամ առաջին հայացքից ոչ էական թվացող հարցերում որոշում կայացնելու հնարավորությունից: 

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը որը ներկայացվեց վերջերս որևէ պարագայում չէր կարող շրջանցել սահմանադրական վերահսկողությունը, սակայն մենք նաև դրան ականատես եղանք, քանի որ Իմ Քայլը շտապում էր լուծել այսպես կոչված` ՍԴ ճգնաժամը և, խախտելով սահմանադրության պահանջները, մեկ օրում ընդունեց սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը: ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրական արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորությունների դադարեցումը, ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ: 


Մեկ այլ խախտում՝ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:Այսինքն, առանց Ազգային ժողովի նախնական համաձայնության Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ չեն կարող իրականացվել այնպիսի գործողություններ, որոնք հանդիսանում են քրեական հետապնդում, ներառյալ՝ որպես մեղադրյալ ներգրավելը կամ մեղադրանք առաջադրելը: «Էքլենն ընդդեմ Գերմանիայի» եւ «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուղղակիորեն սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող, քանի որ այդ անձի նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում: Նույնանման դատական պրակտիկա է ձևավորել ՀՀ վճռաբեկ դատարանը Լևիկ Պողոսյանի գործով: Սակայն, Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ փաստացի իրականացվել է քրեական հետապնդում և վերջինս ձեռք է բերել մեղադրյալի կարգավիճակ առանց Ազգայի ժողովի նախնական համաձայնության։ Եվ այս ամենը ուներ բացահայտ քաղաքական ենթատեքստ:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության այս հոդվածը տարածվում է նաև վարչապետի մամուլի քարտուղարի վրա, ով, սակայն, օրենքները կիրառում է ընտրողաբար՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ հայտարարությունները համեմելով քաղաքական գնահատականներով և շանտաժով: 


ԱԺ Իմ Քայլը խմբակցությունը օրենքով սահմանված ժամանակահատվածում չէր ներկայացրել նաև ԲԴԽ անդամի թեկնածությունը: Իսկ պատճառն էլ հետևյալն էր՝ իշխանությունները ոչ մի կերպ չէին կարողանում կողմնորոշվել թե ում վստահել այդ յուղոտ պաշտոնը և բավական երկար ժամանակ այս հարցի շուրջ ներթիմային բախումներ էին տեղի ունենում: 


Սահմանադրական դատարանի դատավորներին և նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ հարցը հանրաքվեի դնելը հակասում էր ոչ միայն ՀՀ սահմանադրությանը, այլ նաև Հանրաքվեի ամսին ՀՀ օրենքին:Այսպես` Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու կարգը: Ըստ այդմ` Սահմանադրական դատարանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի որոշման կայացումից հետո` 15-օրյա ժամկետում, որոշում է ընդունում նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: 
Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանվում է շրջանառությունից: Փաստորեն ապրիլի 5-ի նախատեսված հանրաքվեի ժամանակ հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը բացակայելու էր, հետևաբար գործընթացն արդեն իսկ անօրինական էր` դրանից բխող բոլոր հետևանքներով: 


Արդեն հունիսի 1-ին, ՀՀ Ազգային ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը: Իրավիճակը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածը ուղիղ սահմանում է, որ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են միմիայն Սահմանադրությամբ։ Որևէ այլ փաստաթղթով Ազգային ժողովը չի կարող ունենալ լրացուցիչ լիազորութուններ։ Մինչդեռ այդ օրենքի նախագծով, փաստորեն, «Իմ քայլը» խմբակցությունն ինքն իրեն վերապահում էր Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություն՝ խախտելով սահմանադրությունը, որպեսզի ամեն գնով ձերբազատվի ՍԴ ներկայիս կազմից: 


Արդեն իսկ ընդունված՝ 2020 թվականի բյուջեով 70 միլիարդ դրամով նվազեցվել են կապիտալ ծախսերը, իսկ դա անթույլատրելի է, դա նշանակում է՝ քանդել պետությունը։ 45 միլիարդ դրամով ավելացրել են ընթացիկ ծախսերի մասնաբաժինը՝ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու նպատակով: Այս դեպքում ՝ Փաշինյանը և Կառավարությունը խախտել են բյուջեի մասին օրենքը: 

Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ՍԴ կողմից ճանաչվել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող: Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչվել էր Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող: Առաջին դեպքում Իմ Քայլը փորձում էր առավել դյուրացնել քրեական գործեր հարուցելու գործընթացը՝ փոփոխությունները միտված էին հենց այդ խնդրի լուծմանը: Բանկային գաղնտիքի մասին օրենքում լրացումներ կատարելը նույնպես ուներ քաղաքական ենթատեքստ և պետք է դիտարկվի ապօրինի գույնքի բռնագանձման մասին օրենքի հետ միասին, քանի որ նպատակը՝ թիրախում հայտնված նախկին պաշտոնյաների կուլակաթափության գործընթացը առվել դյուրին դարձնելն էր: