Operativ.am-ը հումորի օրվա կապակցությամբ անդրադարձել է տարբեր ժամանակների հումորի հայ վարպետներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել հայկական հումորի կայացման գործում:
Ներկայացնում ենք Operativ.am-ի Ապրիլի մեկի հարցաշարը, որին պատասխանում են հայկական ՈւՀԱ-ի տարբեր ժամանակների սաները:
Շատերին թվում է, թե հայկական ՈՒՀԱ-յի պատմությունը սկսվում է «Նոր հայեր» թիմով, սակայն մեր ՈՒՀԱ-ի անդրանիկ թիմը եղել է Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի գլխավորած թիմը, որի կազմում են եղել դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, Արտաքին գործերի ներկայիս փոխնախարար Շավարշ Քոչարյանը և ուրիշներ:
Ներկայացնենք Վիգեն Ստեփանյանի հետ զրույցը.
1.Ի՞նչ դեր ունի հումորը Ձեր կյանքում և հաճա՞խ են Ձեր առջև «բացվել» բոլոր փակ դռները' շնորհիվ Ձեր հումորի:
-Մարդու հետ մտերմանալու ամենակարճ ճանապարհը հումորն է, ես դուռ բացելու խնդիր չեմ ունեցել, որովհետև ինչ-որ բաներ հայթայթելու, խնդրելու, ճարելու նախադրյալները չեն եղել, և հիմնականում հումորն ինձ օգնել է ստիպել մարդկանց ժպտալ:
2.Եթե հայտնվեք անմարդաբնակ կզղում հումորից զուրկ որևէ անձնավորության հետ, ի՞նչ կանեք:
-Կփորձեմ այդ կղզում մենակ մնալ. հումորի զգացում չունեցող մարդու հետ դժվար կլինի շփվել:
3.Ասում են' ավելի հեշտ է մարդուն ստիպել լացել, քան ծիծաղեցնել, Ձեզ բազմիցս է հաջողվել ստիպել շատ-շատերին ծիծաղել, իսկ անձամբ Ձեզ հե՞շտ է ծիծաղեցնելը:
-Մարդկանց ծիծաղեցնելը բեմի գաղտնիքն է, երբ այսօր իբր թե հումորային հաղորդումները փորձում են մարդկանց ծիծաղեցնել, ոչինչ չի ստացվում, եթե ներքուստ դու հումոր ունես, կատակելու, ժպիտ պարգևելու շնորհքը ունես, ապա կհաջողվի: Ինձ հեշտ է ծիծաղեցնել, քանի որ ես սիրում եմ ծիծաղել, սակայն երբ փորձում են ինձ ծիծաղեցնել, չի ստացվում, համենայն դեպս ներկայիս հաղորդումներն ինձ չեն ծիծաղեցնում:
4.Կհիշե՞ք որևէ ապրիլմեկյան կատակ, որը ոչ թե ծիծաղեցրել է Ձեզ, այլ նյարդայնացրել և Դուք' Ձեր ապրիլմեկյան կատակներում երբևէ դաժան հումոր արե՞լ եք:
-Երբեք չեմ արել դաժան հումոր, իմ կատակները միշտ շատ բարի ու մարդկային են եղել:
Նոր հայեր» ՈւՀԱ թիմի անդամ, վերջինիս կազմում չեմպիոն դարձած, «Բլեֆ», «Սուպեր դուետ», «7.5», «Yere1», «Մեյդ ին Արմենիա», «3 պատ» նախագծերի հեղինակ և մասնակից Արմեն Պետրոսյան կամ պարզապես Մենչ. անուն, որը միանգամից ժպիտ է առաջանում.
1.Ի՞նչ դեր ունի հումորը Ձեր կյանքում և հաճա՞խ են Ձեր առջև «բացվել» բոլոր փակ դռները' շնորհիվ Ձեր հումորի:
-Հումորն իմ կյանքում միշտ եղել է, բայց 1992 թվականից վերածվել է մասնագիտության, և մինչ այսօր աշխատում եմ այդ բնագավառում: Իսկ փակ դռներ միանշանակ բացվել են, որովհետև հումորով մարդուն միշտ ժպիտով են վերաբերվում:
2.Եթե հայտնվեք անմարդաբնակ կզղում հումորից զուրկ որևէ անձնավորության հետ, ի՞նչ կանեք:
-Աստված չանի)))):
3.Ասում են' ավելի հեշտ է մարդուն ստիպել լացել, քան ծիծաղեցնել, Ձեզ բազմիցս է հաջողվել ստիպել շատ-շատերին ծիծաղել, իսկ անձամբ Ձեզ հե՞շտ է ծիծաղեցնելը:
-Չէի ասի, թե հեշտ է, որովհետև ամբողջ օրս անցնում է հումորի մեջ և հենց այդ պատճառով դարձել եմ չափազանց լուրջ:
4.Կհիշե՞ք որևէ ապրիլմեկյան կատակ, որը ոչ թե ծիծաղեցրել է Ձեզ, այլ նյարդայնացրել և Դուք' Ձեր ապրիլմեկյան կատակներում երբևէ դաժան հումոր արե՞լ եք:
-Երբեք ապրիլի մեկին կատակ չեմ արել, և ոչ մեկ չի փորձել դա անել ինձ հետ:
ՈւՀԱ ասոցացիա ընդգրկված և Հայաստանի հավաքականով մի շարք խաղերի մասնակցած, տարբեր հաղորդումների հեղինակ և վարող, «7,5»-ի մասնակից Ռաֆայել Ղազանչյան.
1. Հումորն իմ կյանքում շատ կարևոր դեր ունի և ընդհանրապես մարդու կյանքում այն պետք է գլխավոր դերերում լինի: Ժամանակին հումորի միջոցով կարող էիր դռներ բացել և ամենակարևորը' ինտելեկտով ու ուղեղի պարունակությամբ, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է. մարմնի ուրիշ մասերով է դռներ բացվում:
2.Անմարդաբնակ կղզում հումոր պետք չի ունենաս. մեկա չի փրկի:
3.Ինձ շատ հեշտ է ծիծաղեցնելը, եթե հումոր անողը լավ մարդ է ու հումորն էլ որակով է:
4.Ամենամեծ ու դաժան ապրիլմեկյան կատակը այս տարի է լինելու… մենակ Հայաստանում է հնարավոր ապրիլի մեկին մեռելոց անել))):
2004-06 թթ խաղացել է Ուրախների և հնարամիտների (ՈւՀԱ) ակումբում, նախ' Հայաստանի միջբուհական, հետո' Մոսկվայում, «Արարատ» հայկական թիմում: 2006-10 թթ եղել է «32 ատամ» հումորային հեռուստանախագծի անդամ: Այժմ Վիտամին ակումբի մասնակից Արամ MP3.
1. Հումորն արդեն իմ կյանքի անբաժան մասնիկն է դարձել. Խնդիրներ իհարկե շատ-շատ են լուծվել հումորի միջոցով, օրինակ ինչ-որ հումորով պատասխան' կապված Ժեկ-ից տեղեկանքի հետ, բայց ընդհանուր առմամբ հումորով մարդիկ պատրաստ են լինում դժվարությունների, քանի որ հումորն ունի նաև պաշտպանողական մեխանիզմներ, ամեն դեպքում ինձ և մնացածներիս, ովքեր ունեն հումոր, այն միաժամանակ օգնում է:
2. Ամեն դեպքում կսովորեցնեմ հումորի տարրեր, եթե նկատեմ, որ դիմացինս ընդհանրապես չի ընկալում, կփորձեմ հասկանալ իրեն, բայց միանշանակ գիտեմ, որ դա ինձ մոտ չի ստացվի, և երևի թե կկախվեմ))):
3. Դա կախված է այն հանգամաքից, թե ինչ իրավիճակում ես գտնվում, երբ մթնոլորտը չի տրամադրում, նեգատիվ տրամադրություն է, ապա դժվար է, բայց կարևորն այն է, որ հումորն առողջ լինի:
4. Դրանք ապրիլմեկյան կատակներ չեն. Սուտ բաներ են, որոնք վախեցնում են մարդուն: Նման դեպքեր եղել են դպրոցական տարիների ժամանակ, երբ ասում էին օրինակ, որ մոտիկ մարդու հետ ինչ-որ բան է եղել, դրանք ինձ միշտ նյարդայնացրել են, որովհետև դա հումոր չի. մարդուն ծաղրել է ընդամենը: Շատ հնարավոր է, որ դիմացինդ նյարդերից շատ թույլ է և կարող է ծանր տանել. Մեր հարևաններից մեկի հետ էլ շատ դաժան կատակ էին արել, և այդ կինը վատացել էր, ուստի բոլորին խորհուրդ եմ տալիս կատակ արեք, այլ ոչ թե դիմացի մարդուն վատացրեք:
Ուսանողական տարիներին խաղացել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի «Нар-Хоз» ՈՒՀԱ թիմում: 2005-07 թթ հանդիսանալով «Арарат» ՈՒՀԱ թիմի անդամ' խաղացել է Մոսկվայի «Премьер лига»-ում և ներկայացրել Հայաստանը: Հայաստանի ՈւՀԱ ուսանողական լիգայի հիմնադիրներից է և 2004թ-ից աշխատում է տվյալ լիգայում' որպես խմբագիր: Հանդիսանում է մի շարք նախագծերի հեղինակ, դերասան և սցենարիստ' «Աստղային պատերազմներ», «PS club», «PS news», «Yere1», «Բլեֆ», «3 պատ», «Երևանցիներ», «Ուրիշ կինո»- Գրիգոր Դանիելյան կամ պարզապես' Գոքոր.
1. Հումորն իմ կյանքում մեծ դեր ունի, որովհետև, ի վերջո, հումորի միջոցով եմ ես այսօր վաստակում իմ հանապազօրյա հացը))): Իսկ ինչ վերաբերվում է դռներին, այո հումորը նույնպես բանալի է հանդիսացել որոշ փակ դռների, սակայն նշեմ, որ այդ բանալուց այդքան էլ շատ չեմ օգտվում)):
2. Ինձ համար անընդունելի են հումորից զուրկ մարդիկ, հետևաբար այդպիսի մարդու հետ անմարդաբնակ կղզում հայտնվելը նույնն է, ինչ միայնակ հայտնվես այնտեղ)) Իսկ թե ինչ կանեմ, կանեմ այն ինչ արեց Ռոբինզոն Կրուզոն, կգոյատևեմ մինչև Ուրբաթ )):
3. Ինձ հեշտությամբ ծիծաղեցնում է բացառապես իմ տղան' իր երևակայությամբ և արտահայտություններով: Իսկ օրվա ընթացքում, քանի որ ես աշխատում եմ նաև Yere1 նախագծի սցենարի վրա, առիթներ լինում են ծիծաղելու:
4. Մի քանի տարի առաջ ապրիլի մեկի առավոտյան զանգ ստացա, ասացին, որ պատերազմ է սկսվել, և ես բնականաբար չհավատացի, դուրս եկա տնից, նստեցի մեքենաս, որ գնամ աշխատանքի, հանկարծ հայելու մեջ նկատեցի, որ ինչ որ ռազմական տանկ գալիս է դեպի իմ մեքենան, փորձեցի դուրս գալ մեքենայից, չկարողացա, որովհետև դռները փակվել էին: Մի խոսքով ոտքով կոտրեցի դիմապակին, դուրս եկա մեքենայից և վազեցի, տանկը եկավ մեքենայիս վրայով անցավ և սլացավ դեպի իմ կողմ, վախից չգիտեի ինչ անել, վազում էի առաջ առանց հետ նայելու, երբ տանկը ինձ հասավ, ես աչքերս փակեցի և համակերպվելով մահվան հետ սկսեցի աղոթել, հանկարծ տանկը կանգնեց և միջից դուրս եկան իմ ընկերները և մի լավ ծիծաղեցին ինձ վրա: Այդպիսի դաժան կատակ ես իմ կյանքում չէի տեսել )),- կատակեց Գրիգորը,- Հավատացի՞ք ))))))))))))))))))))))))))))))))))))))))))))
Իսկ եթե լուրջ, ոչ մի դեպք չեմ կարողանում մտաբերել:
Եվ հումորի անզուգական վարպետ Աշոտ Ղազարյան 1995-2005-ին դասավանդել է Երևանի ջազային-էստրադային քոլեջում: Հիմնադրել է «Խոսքի, ծիծաղի, հումորի» դպրոցը (2006):
Հանդես է եկել Վ. Սահակյանի «Բարև, ես մնում եմ», «Մեր օրերի երգը», Լ. Մովսիսյանի «Տաշ Նազար», Ա. Քալանթարյանի «Ծիծաղի թևով» ներկայացումներում և շոու ծրագրերում, 2006-ից վարում է «Ծիծաղամարտ» հեղինակային հեռուստահաղորդումը:
1. Հումորն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի. Ես հումորով ծնվել եմ, հումորով մեծացել, հումորով ընտանիքում եմ ապրել, հիմա էլ հումորով շարունակում եմ, որովհետև այդպես մի քիչ ավելի թեթև է կյանքը, և եթե կարող ես քո հումորով, ժպիտով, քո մի փոքրիկ կատակով մարդու տրամադրությունը բարձրացնել, ապա դա արդեն մեծ բան է. երջանկություն է: Ընդհանրապես ես սիրում եմ հումորով մարդկանց, չեմ սիրում այնպիսի մարդկանց, ովքեր նույնիսկ ծիծաղել չգիտեն: Ինչ վերաբերում է հումորով ինչ-որ բան անելուն, եղել են դեպքեր, երբ որոշ մարդիկ ինձ դիմել են, թե Աշոտ ջան, քեզ ճանաչում են, հարգում են, գնանք մեր հիմնարկի պետի մոտ, չեն մերժի քեզ, ես առաջին հարցը տվել եմ. իսկ ինքը հումորո՞վ մարդ է, դեմքին ժպիտ կա՞, ասել են չէ նամռոտ է, շատ լուրջ մարդ է, ասել եմ չէ, չեմ կարող, որովհետև կյանքում ինքն ամենակարևոր բանը չունի, ես իր հետ ի՞նչ խոսեմ:
2. Ի՞նչ պետք է անեմ, պետք է նստեմ նորից այդ մարդուն հումոր սովորեցնեմ:
3. Եղել են դեպքեր, երբ մարդիկ կանգնեցրել են, ասել այս հումորը պատմեմ, լսած չես լինի, ես գիտեմ այդ հումորը, բայց իր խաթր ժպտում եմ. հումորով մարդուն մի քիչ դժվար է ծիծաղեցնել, բայց իսկապես ամենադժվար բանը մարդկանց ուրախություն պատճառելն է, և իսկապես շատ ավելի հեշտ մարդուն ստիպել լաց լինել, քան ծիծաղել:
4. Ընդհանրապես դաժան հումոր չկա իմ «երգացանկում», ապրելակերպում և իմ հումորի ձևում, իմ հումորները բարի և ասելիքով հումորներ են, դրանք վկայում են նաև իմ ներկայացումները: Երբեմն եղել են դեպքեր, երբ խնջույքի ժամանակ մեկն եկել է բարձրախոսների մոտ և երկար-բարակ պատմել մի անեկդոտ, որը հաստատ ինձնից է լսել կամ իմ տեսաերիզների մեջ է տեսել, ու բարձրախոսից էլ ավելի բարձր գոռում է ուղղակի, պատմում այն, ինչ ես գիտեմ, այդ դեպքերը նյարդայնացնում են, բայց դե ամեն դեպքում մարդ է, ուզում է իր ասելիքով մարդկանց տրամադրությունը բարձրացնել:
«Օգտվելով առիթից' շնորհավորում եմ գործընկերներիս հումորի օրվա կապակցությամբ և քանի որ օրեր առաջ Թատրոնի օրն էր, շնորհավորում եմ նաև այդ կապակցությամբ և իմ երրորդ շնորհավորանքը. շնորհավոր կանանց և աղջիկների միամսյակը»:
Հ.Գ. Հայկական հումորի կայացման գործում անշուշտ միայն այս մարդիկ չեն նպաստել, ուստի ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ում չհիշատակեցի: