Դերասան Միխայիլ Եֆրեմովի դուստրը՝ Աննա-Մարիան, մեկնաբանելով հոր մասնակցությամբ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած վթարը, ասել է, որ հիասթափված է իր հորից:
Երկուշաբթի երեկոյան, Սմոլենսկայա հրապարակի թիվ 3 տան մոտ, «Jeep Grand Cherokee»-ի վարորդ Միխայիլ Եֆրեմովը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Lada» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով Լադայի վարորդը մահացել է: Եֆրեմովը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Փորձաքննությամբ պարզվել է, որ վթարի ժամանակ արտիստը հարբած է եղել:
«Ես անկեղծորեն հույս ունեի, որ «Lada»֊ի վարորդը ողջ կմնա, և իրավիճակը այսքան բարդ չի լինի: Այսօր ես կկապվեմ նրա ընտանիքի հետ: Ես հիասթափված եմ հայրիկիցս: Նրան պաշտպանել և ասել, որ նա մեղավոր չէ, հիմար և անպատասխանատու արարք կլինի մեր կողմից», - գրել է նա Ինստագրամյան իր էջում: