COVID-19 կորոնավիրուսային վարակը, սեզոնային ալերգիան եւ մրսածությունը հաճախ դրսեւորվում են միանման ախտանշաններով, եւ երբեմն շատ բարդ է տարբերել դրանք:

Cleveland Clinic-ին կից Գլխի եւ պարանոցի ինստիտուտից բժիշկ Մայքլ Բենինգերի խոսքով՝ կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանշաններն են ջերմությունը, չոր հազը, թթվածնի պակասը, շնչառության հետ կապված խնդիրները, փորլուծությունը, մկանային ցավը, համի եւ հոտի կորուստը եւ ցավերն ամբողջ մարմնում:

webmd.com-ի հաղորդմամբ՝ այդ ախտանշաններից մի քանիսը հատուկ են նաեւ մրսածությանն ու սեզոնային ալերգիային, սակայն ոչ ջերմությունը կամ փորլուծությունը: Մասնագետի խոսքով, եթե դուք չունեք ջերմություն, շնչառության հետ կապված խնդիրներ կամ փորլուծություն, ապա ձեզ մոտ, ամենայն հավանականությամբ, մրսածություն կամ ալերգիա է:

Փռշտալն ալերգիային կամ մրսածությանը հատուկ ախտանշան է, սակայն մեկը մյուսից տարբերելը հնարավոր է ուրիշ ախտանշանների շնորհիվ: Այսպես, ալերգիկ ռեակցիայի դեպքում աչքերում կարող է զգացվել քոր, ինչը սովորաբար չի նկատվում մրսածության դեպքում: Իսկ հազը սովորաբար ավելի հատուկ է մրսածությանը, եթե, իհարկե, խոսքը չի վերաբերում ալերգիկ ասթմայի դեպքում դիտարկվող հազին:

Շնչառության հետ կապված դժվարությունները, թթվածնի պակասն ախտանշաններ են, որոնք ասոցացվում են կորոնավիրուսի հետ, սակայն երբեմն դրանք կարող են լինել ասթմայի նախանշաններ, որը կարող է սրվել տվյալ սեզոնի ընթացքում: Եթե ձեզ անհանգստացնում են այդ ախտանշանները, սակայն միեւնույն ժամանակ դուք չեք ջերմում, հավանական է, որ ձեզ մոտ հենց ասթմա է, պնդում է Բենինգերը: