Հավաքվող խաղալիքներ արտադրող Lego ընկերությունը որոշել է դադարեցնել ոստիկանների, հատուկ ծառայությունների, հրշեջների, ուժային այլ ծառայությունների թեմատիկայով հավաքածուների առաջխաղացումը։ Այդ հավաքածուների գովազդը դադարեցվելու է։ Այս մասին հայտարարել է հենց ընկերությունը։

Որոշումը կապված է Միացյալ Նահանգներում անցկացվող ցույցերի հետ։ Ընկերությունից հայտնել են, որ հարգում են #BlackOutTuesday շարժումն ու դադարեցնում այդ խաղալիքների գովազդները։ Այդ շարժումը, հիշեցնենք, կապված է ԱՄՆ-ում ոստիկանների բիրտ ուժի գործադրմամբ սևամորթի սպանության հետ։

Աֆրոամերիկյան ծագումով Ջորջ Ֆլոյդը մահացել էր ոստիկանների գործողությունների հետևանքով։ Ոստիկաններից մեկը ձերբակալության ժամանակ մի քանի րոպե շարունակ ծնկով գետնին է սեղմել Ֆլոյդի կոկորդը՝ չլսելով նրա աղերսանքը, որ չի կարողանում շնչել։ 46-ամյա Ֆլոյդը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Դրանից հետո ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում հուժկու ցույցեր են սկսվել, որոնց պահանջն է դադարեցնել ռասսայական հողի վրա մարդկանց հետ այդպես վարվելը։ Ցույցերի ժամանակ բախումներ են եղել ոստիկանների հետ, կան նաև մահվան դեպքեր։