Իտալիան հունիսի 3-ից իր սահմանները կբացի Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկների առաջ՝ առանց կարանտինի ռեժիմ պահպանելու պահանջի: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն՝ շեշտելով, որ դրա նպատակն է խթանել երկրի տնտեսությունը:
«Մենք թույլ չենք տա երկկողմ համաձայնություններ Եվրոպական միության ներսում, որոնք կարող են ստեղծել արտոնյալ զբոսաշրջային ուղիներ: Դա մեզ դուրս կթողներ Եվրոպական միությունից, իսկ մենք նման բան երբեք թույլ չենք տա»,- ասել է Կոնտեն:
Ավելի վաղ Կոնտեն ասել էր, որ եթե տվյալները «խրախուսող լինեն», ապա Իտալիայի սահմանները կբացվեն Շենգենյան գոտու երկրների համար: Սակայն մայիսի 21-ի հայտարարությամբ՝ Իտալիան կբացի սահմանները Եվրոպական միության բոլոր երկրների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի առջև, որն այժմ դուրս է եկել ԵՄ-ից:
«Մենք պետք է ընդունենք այս ռիսկը, մենք չենք կարող կանգնել և սպասել պատվաստանյութի»,- ասել է Իտալիայի վարչապետը:
Ջուզեպպե Կոնտեն ընդգծել է, որ Իտալիա մտնող բոլոր զբոսաշրջիկները պետք է կրեն դիմակ և պահպանեն սոցիալական հեռավորության պահանջները: