168.am-ի զրուցակիցը հեղինակային երգերի կատարող, երգահան Դավիթ Ամալյանն է:
- Դավիթ, «Հոգու հնչյուն» երգի մեջ ասում եք' «Ինչպե՞ս հորինեմ ուրախ մեղեդի, եթե իմ հոգում թախիծն է տիրում»։ Ո՞ր թվականին եք գրել այս երգը։
- Այս երգը գրել եմ 1996 թվականին։ Այդ ժամանակ ես սիրահարված էի, և սպասվածից լուրջ խնդիրներ առաջացան։
Տղամարդկային դեպրեսիայի ժամանակ ես սովորաբար խմում եմ և սկսում նվագել։ Հերթական դեպրեսիայի ժամանակ գործիքը բացեցի, ցանկացա նվագել, բայց հասկացա, որ այն հոգնել է, ու պետք է այս անգամ նյութ գրեմ։ Սկզբում ծնվեց բանաստեղծությունը, 2-3 ամիս հետո նոր վերածվեց երգի։
Զգացմունքի մասին խոսելը շատ դժվար է, այն պետք է ապրես և ոչ թե խոսես։ Սիրելը գաղտնիության մեջ է գեղեցիկ։ Երբեմն խոսքը հոգնեցնում է։ Բաներ կան, որոնք պետք է առանց խոսքի արտահայտել։
- Մեկ այլ երգի մեջ ասում եք' «Տեսնես ո՞րն է ճիշտ, թե որ չեմ եղել, թե էն, որ հետո էլ չեմ լինելու»։ Ի վերջո, իմացա՞ք՝ որն է ճիշտ։
- Եթե իմանայի, այս երգը չէի գրի (ժպտում է.- Գ.Ա.)։
Հաճախ եմ մտքերի մեջ ընկնում, փորձում եմ ինձ ցնդած մտքերից հեռու պահել, որովհետև Տիեզերքի անսահմանության մեջ ճշմարտություններ փնտրելը կարող է հեշտությամբ դեպրեսիայի մեջ գցել։ Մի օր կրկին սկսեցի մտածել, թե ի՞նչ ենք եղել նախկինում և ի՞նչ ենք լինելու մեռնելուց հետո։ Մի ձայն լսվեց, այս աշխարհ հետ եկա և փորձեցի այդ պահին զգացածս թղթին հանձնել։
- «Հերիք եղավ, Տեր» երգում էլ ասում եք' «Ինքն իրեն սիրող հաչող ազգասեր, պատմություն կեղծող տականք փառասեր, ես-ը մեծարող սուտ հայրենասեր, ինքն իրենից գոհ պոռնիկ պատվասեր, հերի՛ք եղավ, Տեր, հոգուս հանգիստ բեր»։ Այս երևույթները շարունակո՞ւմ եք մեզանում տեսնել։
- Ես քաղաքական ոչ մի երգ չունեմ, իմ բողոքը մարդուն է ուղղված:
Ղարաբաղում հերթական համերգից հետո հավաքվել էինք մի միջավայրում, որտեղ կար և՛ այդ պոռնիկ պատվասերը, և՛ բիզնեսմեն տերտերը, և՛ բառասեր սուտ հայրենասերը, և այլք: Ես մի սկզբունք ունեմ, որը վաստակել եմ պապերիցս. ես երբեք չեմ կարող սեղանի շուրջ նստել այն մարդու հետ, որի հետ չեմ կարող կիսվել, անկեղծ լինել: Այս հանդիպումից հետո էլ այս երգը ծնվեց: Ցավոք սրտի, նման երգերն այսօր շատ ակտուալ են: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ես մի տեղ մի լույս տեսնում եմ: Վերջին շրջանում մի ակնարկ եմ անընդհատ անում, այն է' ես հոգնել եմ իշխանություն պահող և իշխանության ձգտող հետույք մտնողներից: Ինձ համար այս երկու երևույթներն էլ տհաճ են, դրական երևույթը մարդն է: Ես այսօր մարդ եմ փնտրում, որ կողքին կանգնեմ:
Մարդկային բողոքը երբեք չի կարող լինել նախագահի կամ այլ պաշտոնյայի դեմ, մարդկային բողոքը մարդու տեսակի դեմ է: Ի վերջո, մարդիկ երկու տեսակի են բաժանվում, ինչպես Սևակն է ասում' «մարդ կա, ելել է շալակն աշխարհի, մարդ կա, աշխարհն է շալակած տանում»: Կյանքն իրականում այս երկու տեսակի կռիվն է: Չեմ ուզում ինձ դասել շալակած տանողների դասին, բայց շալակը ելածներից շատ եմ հոգնել:
Մեր խնդիրը մարդու խնդիրն է: Նրա գալու ճանապարհը կապված է մշակութային հեղափոխության հետ: Եթե այն լինի, մարդու այդ տեսակն էլ ի հայտ կգա, և նման երգերն էլ արդիական չեն լինի:
- Մշակութային հեղափոխությունն ինչպե՞ս եք պատկերացնում:
- Վերջին 20 տարիների ընթացքում մշակութային բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան: Մինչև ես չափահաս դարձա, շարժումը սկսվեց, հասարակարգ փոխվեց: Այն հասարակարգի համար, որում իմ պատանեկությունն է անցել, նյութը որպես միջոց էր պետք: Այդ ժամանակ նյութը արժեք չէր, այն միջոց էր, իսկ այսօր նյութը բացահայտ արժեք է:
Մշակութային հեղափոխությունը պետք է սկսել մտածելակերպի փոփոխությունից:
- Դավիթ, Դուք բազմաթիվ երգեր ունեք' նվիրված զոհված տղաներին: Ի՞նչ եք կարծում' նրանք վերևից մեզ նայելով՝ ի՞նչ են մտածում: Արդյոք մենք ապրո՞ւմ ենք նրանց երազած երկրում:
- Շատ բարդ է նրանց անունից խոսել: Մի տեսահոլովակի սցենար էի գրել, որում Եռաբլուրի տղաները՝ տեսնելով վատ երևույթները, քարերն իրենց թևերի տակ դրած՝ շարքով խռոված ուզում են գնալ: Ես շատ եմ մտածել, որ պատերազմից ես հետ եմ եկել, փառք եմ վայելում, իսկ իմ ընկերը չի վերադարձել: Այս մտքից շատ եմ տանջվում: Մանուկյան Խաչիկը մի խոսք ունի' «Բարձունքը մերն է, տղերքը չկան»: Այսօր մենք ազատագրված տարածքներ ունենք, բայց տղերքի մարդկային արժեքը կորում է: Գարեգին Նժդեհն ասում է' «Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, հայրենիքը' նրա մշակույթն ու ժողովուրդը»: Եթե մենք մշակույթը կորցնում ենք, ժողովրդի տեսակը փոխվում է: Մենակ անուն-ազգանունով, դրոշով, գերբով հայ կոչվելը քիչ է:
Չգիտեմ, երևի տարիքից է, բայց ես այսօր թեքվել եմ դեպի ոչ թե նախագահի կամ իշխանության, այլ պետության պահպանման գաղափարի կողմը:
Չգիտեմ' տղաները ո՞ր անկյունից են նայում, բայց ես կարող եմ ասել, որ այն, ինչ կա, լավ է, բայց չպիտի բավարարվենք սրանով: Կան արժեքներ, որոնք կայուն երևույթներ չեն, պետք է անընդհատ եփվեն: Պետությունն էլ, բանակն էլ պետք է անընդհատ շարժվեն, եփվեն, զարգանան: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, միայն Աստված տա, այս դժվար պահերը համերաշխ անցնենք: Իզուր չէ, որ Չարենցը մտածում էր, որ մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է: Եկեք միասնական լինենք, տեսեք' ինչե՛ր կարող ենք անել:
- Մի առիթով ասել էիք, որ անտարբեր, միևնույն ժամանակ՝ սրտացավ քաղաքացի եք: Շարունակո՞ւմ եք անտարբեր քաղաքացի լինել:
- Րաֆֆի Հովհաննիսյանին շատ հարգում եմ, բայց պետք է ասեմ, որ որպես մարդ՝ նաև հավատում և ընդունում եմ Սերժ Սարգսյանին: Այս պահին ո՛չ իշխանամետ ուժերի մեջ եմ, ո՛չ էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների մեջ: Ուզում եմ հասկանալ' սա անտարբերությո՞ւն է, թե՞ ոչ: Ինձ չի կարող չհետաքրքրել, թե Ազատության հրապարակում ի՞նչ է կատարվում, բայց ես հասկացա, որ ավելի լավ է ստեղծագործեմ ու անեմ այն, ինչում ես ինձ չեմ խաբում:
- Դուք Ձեր խղճի հետ հա՞շտ եք:
- Ինչպե՞ս կարող եմ հաշտ լինել: Ոչ մի անգամ խղճիս հետ հաշտ չեմ: Իմ կարծիքով' մարդիկ խղճի հետ հաշտ են լինում միայն մեռնելուց հետո:
Մարդու ես-ը ձևավորվում է խղճի հետ վիճելուց: Լինում են դեպքեր, երբ խիղճս հաղթում է: Ես ավելի շատ խղճիս կողմն եմ, բայց միևնույն ժամանակ էլ՝ մարդ եմ, չէ՞: Մարդ եմ՝ իմ բոլոր կենսաբանական պահանջներով:
- Այսօր մարդիկ ընդվզում են և հավաքվում Ազատության հրապարակում' արտահայտելու իրենց բողոքը:
- Ես ընդունում եմ ցանկացած ընդվզող մարդու: Այսօր մենք համարձակ մարդու կարոտ ենք: Ընդվզողները մաքուր են, կարծում եմ, որ իշխանության մեջ էլ մաքուր մարդիկ կան: Եթե իրենք միավորվեն, շատ լավ կլինի:
- Դավիթ, ըստ Ձեզ՝ բարոյականությունն ու քաղաքականությունը համատեղելի՞ են:
- Ուզում եմ Վազգեն Սարգսյանի կերպարի մասին խոսենք: Այդ մարդը երբեք չփոխվեց: Ցավոք սրտի, շատ քիչ եմ նրա հետ շփվել: Վազգեն Սարգսյանը և՛ տանը, և՛ ընկերական շրջապատում, և՛ միջազգային հանրության առջև ելույթ ունենալիս, և՛ կռվի ժամանակ նույն Վազգեն Սարգսյանն էր: Երբ մարդու տեսակն անփոփոխ է, քաղաքականությունն ո՞ւմ շունն է, որ կարողանա մարդուն փոխել: