Աշխարհում միայն մի միջոց կա մարդկանց դրդելու որևէ բան անել։ Երբեւէ մտածե՞լ եք այդ մասին։ Եվ դա այն է, որ պետք է մարդկանց ստիպել ցանկանալ այդ անել։ Իհարկե, կարող եք սպառնալիքի միջոցով ստիպել մարդկանց անել ձեր ուզածը, բայց այդ կոպիտ եղանակը հղի է անցանկալի հետևանքներով։ Միակ միջոցը, որով կարող եք ձեզ դրդել ինչ-որ բան անել, դա ձեր ուզածը ձեզ տալն է: Իսկ ի՞նչ եք ուզում դուք։
Հռչակավոր գիտնական, դոկտոր Զիգմունդ Ֆրեյդը ասում է, որ մեր բոլոր արարքների հիմքում ընկած են երկու դրդապատճառներ՝ սեռական հակումը և մեծ դառնալու ձգտումը։ Ամերիկացի փիլիսոփա Ջոն Դյուին դա արտահայտում է այլ բառերով։ Նա հաստատում է, որ մարդկային բնավորությանը հատուկ ամենախոր ձգտումը «նշանակալի լինելու ցանկությունն է»։
Այսպիսով ի՞նչ եք դուք ուզում։ Գրեթե յուրաքանչյուր նորմալ մարդ ուզում է.
1. առողջություն և կյանքի պահպանում,
2. սնունդ,
3. քուն,
4. դրամ և իրեր, որոնք կարելի է ձեռք բերել դրամով,
5. սեռական բավարարվածություն,
6. կյանք հանդերձյալ աշխարհում,
7. իր երեխաների բարեկեցությունը,
8. սեփական նշանակալիության, կարևորության գիտակցում։
Ուիլյամ Ջեյմսն ասել է. «Մարդկության բնավորությանը հատուկ է ըստ արժանվույն գնահատված լինելու կրքոտ ձգտումը»։
Սեփական նշանակալիության գիտակցման ձգտումն է, որ ոգևորել է Դիկենսին իր անմահ վեպերը գրելու։ Այդ ձգտումը ստիպել և ստիպում է շատերին միլիոններ կուտակել։ Կախված այն բանից, թե ինչպես եք հասնում սեփական նշանակալիության գիտակցմանը, որոշվում է ձեր բնավորությունը։ Օրինակ մեկն այդ անում է բարեգործություն անելով և նույնիսկ շնորհակալության չսպասելով, իսկ մեկ ուրիշը դա գիտակցում է՝ դառնալով ավազակ։
Պատմությունը լի է զվարճալի օրինակներով, թե ինչպես են հռչակավոր մարդիկ պայքարել այդ գիտակցության ձեռքբերման համար։ Ջորջ Վաշինգտոնը ցանկանում էր, որ իրեն կոչեն «Ձերդ Պայծառափայլություն ԱՄՆ-ի պրեզիդենտ», իսկ Կոլումբոսը դիմել էր, որ իրեն տան «Օվկիանոսի Ծովակալ և Հնդկաստանի Փոխարքա» տիտղոսը...
Որքան հայտնի է, պատմության ընթացքում միայն երկու մարդ է ստացել տարեկան 1 մլն դոլարի չափով աշխատավարձ՝ Ուոլտեր Քրայսլերը և Չարլզ Շվաբը։
Ինչո՞ւ էր նա այդքան շատ ստանում, որովհետեւ հանճա՞ր էր։ Ո՛չ։
Շվաբսն ասում է, որ իրեն այդքան վճարում են հիմնականում մարդկանց հետ վարվեցողության համար։ Ահա նրա գաղտնիքը, որը պետք է դարձնել կյանքի նշանաբան։
«Իմ ամենաարժեքավոր հատկանիշը համարում եմ մարդկանց մեջ խանդավառություն առաջացնելու և նրանց լավագույն հատկությունները զարգացնելու կարողությունը՝ նրանց արժանիքներն ընդունելու և խրախուսելու միջոցով։
Ոչինչ այնքան չի հարվածում մարդկանց փառասիրությանը, որքան պետերի կողմից արված քննադատությունը։ Եվ ես հավատում եմ աշխատանքի պահին խրախուսանքի ազդեցությանը։ Այդ է պատճառը, որ շատ եմ ուզում մարդկանց գովել՝ ըստ արժանվույն և տանել չեմ կարող, երբ նախատում են նրանց։ Եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ապա անկեղծորեն տալիս եմ իմ գնահատականը և շռայլորեն գովաբանում»:
Իսկ ինչպե՞ս են վարվում սովորական մարդիկ։ Ճիշտ հակառակը։ Եթե նրանց ինչ-որ բան դուր չի գալիս, նրանք հայհոյում են, իսկ եթե դուր Է գալիս, ոչինչ չեն ասում։
Մարդկանց հետ վարվելու գաղտնիքներից մեկն Էլ նրանց անկեղծորեն գնահատելու կարողությունն Է։ Մարդկանց գերակշռող մասը սեփական ինքնահարգանքի գնահատման կարիք ունի։ Մենք նեցուկ ենք լինում մեր երեխաների, բարեկամների, աշխատակիցների ֆիզիկական դրությանը, իսկ որքան հազվադեպ ենք նեցուկ լինում նրանց ինքնահարգանքին։ Մեր երեխաներին տալիս ենք կարտոֆիլի հետ տապակած միս՝ նրանց ուժերը պահպանելու համար, բայց հոգ չենք տանում այն մասին, որ նրանց անհրաժեշտ Է ասել բարի խոսքեր, որոնք վաղորդյան աստղերի երաժշտության պես, երկար կհնչեն նրանց հիշողության մեջ։
Ընթերցողներից ոմանք, կարդալով այս տողերը, կասեն. «Հնացա~ծ Է։ Հաճոյախոսություննե~ր, շողոքորթություննե՜ր»։ Իհարկե, շողոքորթությամբ հազվադեպ կարելի Է ազդել խորաթափանց մարդու վրա։ Այն փուչ Է, եսասիրական և կեղծ։ Այն չպետք Է հաջողություն ունենա և սովորաբար չի ունենում. Ո՞րն Է խոստովանության և շողոքորթաթյան միջեւ տարբերությունը։ Խոստովանությունը անկեղծ Է, իսկ շողոքորթությունը՝ կեղծավոր։ Առաջինը բխում Է սրտից, երկրորդը՝ լոկ շուրթերից։ Առաջինը անշահախնդիր Է, երկրորդը՝ եսասիրական։
Առաջինով բոլորը հիանում են, երկրորդով՝ դատապարտվում։ Ի վերջո, շողոքորթությունը ձեզ ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ։ Մի իմաստուն խոսք կա. «Մի' վախեցեք ձեզ վրա հարձակվող թշնամուց։ Վախեցեք ձեզ շողոքորթող բարեկամից»։
Մի' սովորեցրեք ձեզ ո'չ բաժանել և ո'չ Էլ ստանալ Էժանագին գովեստներ։ Շողոքորթությունը Էժանագին գովեստ Է։
Եթե մարդը խորասուզված մի որոշակի խնդրի մասին չի մտածում, ապա սովորաբար ժամանակի 95%-ը հատկացնում Է իր մասին մտածելուն։ Իսկ եթե մի որոշ ժամանակ մոռանանք մեր մասին և սկսենք մտածել մեր զրուցակցի լավ գծերի մասին, ապա կարիք չենք ունենա Էժանագին և կեղծ շողոքորթության:
Ռալֆ Ուոլդս Էմերոնն ասում էր . «Ինձ համար յուրաքանչյուր մարդ ինչ-որ առումով գերազանցում է ինձ և այդ իմաստով ես կարող եմ նրանից սովորել»:
Եթե դա արդարացի է Էմերոնի համար, ապա հավանաբար հազար անգամ արդարացի է իմ ու ձեզ համար: Եկեք դադարենք մտածել սեփական ձեռքբերումների, սեփական ցանկությունների մասին: Փորձենք գնահատել ուրիշի դրական կողմերը: Եղե'ք «անկեղծ ձեր գնահատականում և շռայլ' գովեստում», և մարդիկ հիշողության մեջ կպահեն ձեր խոսքերը, կփայփայեն դրանք և կկրնկնեն ողջ կյանքում, շատ տարիներ, երբ դուք արդեն մոռացված կլինեք: