ՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Չափել Հիլ քաղաքում Ուինսթոն անունով տնային շան մոտ հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիա: Այս մասին հայտնում է WRAL-TV-ն:
Ապրիլի 1-ին Հիզեր Մաքլինի և նրա ամուսնու՝ անհետաձգելի օգնության բաժանմունքի բուժաշխատող Սեմուելի ընտանիքը Դյուկի համալսարանում բուժզննում է անցել: Ընտանիքի բոլոր անդամների մոտ, բացի Սիդնի դստերից, նոր կորոնավիրուսային ինֆեկցիա է հայտնաբերվել:
Հետազոտության շրջանակում սկսել են ստուգել նաև Մաքլինների տանն ապրող տնային կենդանիներին՝ 2 շներին, կատվին և մողեսին: Շներից մեկի՝ Ուինսթոն մաստիֆի մոտ հայտնաբերվել է SARS-CoV-2 կորոնավիրուս, որը COVID-19 է առաջացնում:
Հետազոտությանը մասնակցած բժիշկ Քրիս Վուդսը նշել է, որ սա ԱՄՆ-ում առաջին գրանցված դեպքն է, երբ շունը վարակվել է COVID-19-ով: Նախկինում մի քանի համանման դեպքեր էին գրանցվել Չինաստանում: Կարծես թե, ոչ միայն կատուները, այլ շները ևս սկսել են վարակվել կորոնավիրուսով:
Հիզերի խոսքով՝ Ուրինսթոնի մոտ COVID-19-ի թույլ ախտանիշներ էին արտահայտվում:
«Նա մի անգամ հրաժարվեց նախաճաշից: Եթե այս ցեղատեսակին ծանոթ եք, ապա գիտեք, որ մաստիֆներն ուտել շատ են սիրում: Այնպես որ, դա անչափ տարօրինակ էր»,- ասել է շան տիրուհին:
Նրա որդի Բենը նշել է, որ Ուինսթոնը քնում է Հիզերի կողքին և ընտանիքի բոլոր ամդամներից հետո նրանց ափսեները լպստում է, ուստի զարմանալի չէ, որ նա վարակվել է:
Շունն այժմ արդեն ապաքինվում է և իրեն լավ է զգում:
med.news.am