ՔԿ-ում վարույթ է ընդունվել՝ Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ հնչած կրակոցի դեպքով հարուցված քրգործը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի լրատվության ծառայությունից։

2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հ.Ազոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ մեկ անգամ կրակել են իրեն պատկանող՝ Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող բնակարանի ուղղությամբ, որի հետեւանքով փամփուշտի գնդակը վնասել է բնակարանի պատշգամբի պատուհանի ապակին՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս։
Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ, որը ապրիլի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ազոյանը տուժող է ճանաչվել:

Ձեռնարկվում են քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: