Ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան Մարիինյան թատրոնի բալետի նախկին տնօրեն Մախար Վազիեւին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Իրեն «վիրավորողի» մասին արտիստուհին մանրամասն պատմել է իր նոր՝ «Հաջողության գինը» հուշագրություններում։ Նրա խոսքով՝ Վազիեւն ամբողջ թատրոնին անմիջապես ցույց է տվել իր իրական՝ բռնապետի դեմքը, եւ ի լուր աշխարհի իրեն բնորոշ գռեհիկ ձեւով, մատնացույց անելով պարուհուն հայտարարել է. «Իսկ ահա նա կլինի իմը»:
«Ինձ համար այժմ էլ նման հարցադրումը շատ անընդունելի եը դաժան է հնչում։ Իսկ 19 տարեկանում... Առավել եւս, որ այդ ժամանակ ես արդեն սիրավեպ ունեի Ֆարուխ Ռուզիմատովի հետ, որը Մարիինյան թատրոնի մեներգիչն էր եւ իմ առաջին լուրջ սերը։ Բայց նույնիսկ, եթե սիրտս այդ պահին ազատ լիներ, ես երբեք չէի կարող նույնիսկ մտածել, որ իմ կարիերան կարելի է կառուցել տղամարդու հետ ինչ-որ ինտիմ հարաբերությունների շնորհիվ։ Ինչպես այժմ արտահայտվում են՝ «քնելու միջոցով»», — հիշում է բալետի պարուհին։
Նրա խոսքով՝ Վազիեւն իրեն նաեւ առաջարկել է հոնորարները կիսելու պայմանով իրեն ավելի շատ դերեր տալ։ Վոլոչկովան պատրաստ էր, որ հրաժարվելուց հետո կզրկվի աշխատանքից, սակայն նրան նոր դերեր են տվել։ Ավելի ուշ, երբ նա պատրաստվում էր տեղափոխվել Մեծ թատրոն, Վազիեւը նրան կանչել է իր աշխատասենյակ եւ «գործնականում ուժով փորձել է ստիպել սեփական ցանկությամբ դիմում գրել»: