Մարդիկ չեն կարողանում իրենք իրենց արտաքինը գնահատել օբյեկտիվորեն: Դրան խանգարում են հոգեբանական մի շարք առանձնահատկություններ: «Հայելին ստում է»,- ասում են Բարսելոնայի համալսարանի գիտնականները, որոնք այս թեմայի շրջանակներում հետաքրքրական փորձարկում են անցկացրել:
Շատ մարդիկ չափազանց ընտրողաբար են ընկալում սեփական արտաքինը: Միաժամանակ մենք առավել լավ ենք գնահատում այլոց արտաքինը և համարում ենք մյուսներին ավելի գեղեցիկ:
Իսպանացի գիտնականները փորձարկում են անցկացրել կամավորների մասնակցությամբ, որոնց թվում են եղել տասնմեկ տղամարդ և տասներկու կին: Բոլոր մասնակիցներին առաջարկել են լրացնել հարցաթերթիկներ, որտեղ անհրաժեշտ էր պատասխանել սեփական արտաքին տեսքի մասին որոշակի հարցերի: Այնուհետև գիտնականները կամավորների համար «ավատարներ» են ստեղծել և տեղադրել դրանք վիրտուալ իրականության մեջ:
«Նախագծի յուրաքանչյուր մասնակից ստացել է երեքական ավատար. առաջինը մենք պատրաստել են նրանց կողմից լրացված հարցաթերթիկների հիման վրա, երկրորդը՝ կատարյալ մարմնի ավատար, իսկ երրորդը առավելագույնս համապատասխանում էր նրանց իրական արտաքին տեսքին: Տեղադրելով ավատարները վիրտուալ իրականության մեջ՝ մենք մասնակիցներին հնարավորություն ենք ընձեռել ուսումնասիրել դրանք ներսից և դրսից: Ինչպես և ակնկալվում էր, մարդիկ ավատարներն առավել գեղեցիկ են համարել՝ դրանց կողքից նայելով, այլ ոչ առաջին դեմքով»,- նշում են նախագծի հեղինակները՝ ավելացնելով, որ, ուսումնասիրելով իրենց արտաքին տեսքը կողքից, մարդիկ սկսել էն իրենք իրենց առավել գեղեցիկ տեսնել: