Նյու Յորքն առաջին անգամ սկսել է սահմանափակել կանաբիսի օգտագործումը դեռևս 1914 թ.: Հենց այդ ժամանակ էլ մարիխուանա գնելու համար սկսեցին դեղատոմս պահանջել: Օրենսդիրը cannabis indica-ն՝ հնդկական կանաբիսը, որից պատրաստվում է արևելահնդկական «հաշիշ» դեղամիջոցը, ներառեց արգելված թմրամիջոցների ցանկում:

 

Հետագայում ամեն ինչ ավելի խստացավ: 1927 թ. Նյու Յորքն ամբողջությամբ արգելեց մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով: Սկսվեց մարիխուանայի դեմ պայքար, որը ղեկավարում էր սանիտարիայի հանձնաժողովի գլխավոր տեսուչ Ջոն Է. Գլիսոնը: Նրա ղեկավարած խումբը քաղաքում ակտիվորեն փնտրում էր մարիխուանայի պլանտացիաներ և անխնա այրում դրանք: Ընդհանուր առմամբ այրվել է շուրջ 19,000 կգ մարիխուանա:

1939 թ. Նյու Յորքի քաղաքապետ Ֆիորելո Լա Գուարդիան ստեղծեց քաղաքում կանաբիսի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խումբ: Խումբն իր զեկույցը հրապարակեց 1944 թ., և այդ զեկույցում անսպասելի մի տեսություն էր նշված այն մասին, որ կանաբիսը սերտորեն կապված է դպրոցականների կախվածության և անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի բարձրացման հետ: Զեկույցը բարկացրեց Թմրամիջոցների դաշնային բյուրոյի կոմիսար Հարի Անսլինգերին, ով այն ոչ գիտական համարեց: 1973 թ. Նյու Յորքի նահանգապետ Նելսոն Ռոքֆելերն օրենք ընդունեց, որն ավելի էր խստացնում պատիժը թմրանյութերի պահման և տարածման համար: Այսպես, 57 և ավելի գրամ հերոինի, մորֆինի, օփիումի, կոկաինի, կանաբիսի վաճառքի կամ 110 գ և ավելի նույն տեսակի թմրամիջոցների տիրապետման համար պատիժը 15-25 տարի ազատազրկման ձևով էր:

1977 թ. Նյու Յորքում ապաքրեականացվեց 25 գ և պակաս մարիխուանա պահելու արարքը, և դրա համար սահմանվեց $100-ի չափով վարչական տուգանք: Սակայն 90-ականներին իրավիճակը փոփոխվեց: 1997-2010 թթ. քաղաքում ձերբակալեցին 252,000 մարդու մարիխուանայի ապօրինի տիրապետման համար: Օրենսդիրն ու փաստաբանները զարմացած էին այն փաստից, որ ձերբակալվածների ավելի քան 80%-ը սևամորթներ ու լատինոամերիկացիներ էին:

2014 թ. Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն օրենք ստորագրեց, որը թույլատրում էր կանաբիսի օգտագործումը բժշկական նպատակներով: Այժմ նահանգը ցանկանում է ամբողջապես օրինականացնել մարիխուանայի օգտագործումը: