Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին այսօր՝ մարտի 5-ին, թողարկել է իր նոր՝ Never Worn White երգի տեսահոլովակը, որտեղ երգչուհու կրած կիսաթափանցիկ զգեստը թույլ է տալիս տեսնել վերջինիս զգալի կլորացած որովայնը, որը երգչուհին քնքշությամբ շոյում է, գրում է Fox News-ը։
Իր նոր ստեղծագործության մեջ երգչուհին խոսում է այն մասին, որ պատրաստ է իր կյանքը կապել այլ մարդու հետ։ Շատ երկրպագուներ կարծում են, որ խոսքը, իհարկե, հանրահայտ դերասան Օռլանդո Բլումի մասին է, որը երգչուհու փեսացուն է:
Քեթին երգում է իր զգացմունքների մասին՝ ներկայանալով հարսնացուի սպիտակ զգեստով, ապա` ծաղկային շքեղ հանդերձանքով։
Աղբյուրը գրում է, որ տեսահոլովակի պրեմիերայից հետո Փերին Instagram-ի ուղիղ եթերում զրուցել է երկրպագուների հետ։ Նա հաստատել է իր հղիությունը և նկատել, որ ստիպված է եղել երկար գաղտնի պահել իր հղիության փաստը։ Բացի այդ, Քեթին հայտնել է ծննդաբերության մոտավոր ամսաթիվը․ զույգի առաջնեկը լույս աշխարհ կգա ամռանը։
Նշենք, որ երգչուհին 2010 թվականին մեծ շուքով ամուսնացել էր բրիտանացի կատակերգու դերասան Ռասել Բրենդի հետ: Երկու տարի անց զույգը բաժանվել էր:
Օռլանդո Բլումը նույնպես ամուսնացած է եղել, նա ունի որդի: