Երբեմն կորոնավիրուս է հայտնաբերվում մարդկանց մոտ, որոնք երբեք չեն շփվել այլ վարակվածների հետ եւ երբեք չեն եղել Չինաստանում: Ինչպե՞ս են նրանք վարակվում: Ռուս գիտնականները մի քանի հիպոթեզ են առաջ քաշել, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:
Չինաստանում երբեք չի եղել եւ երբեք չի շփվել վարակվածների հետ, օրինակ, 61-ամյա հարավկորեուհին՝ Տեգու քաղաքից: Դեռ հայտնի չէ, թե ինչպես է նա վարակվել, սակայն նա արդեն վարակել է առնվազն 39 մարդու:
Մասնագետների խոսքով՝ վարակման աղբյուր կարող են լինել պացիենտները, որոնք վարակվել են Չինաստանում կամ այլ պացիենտներից, սակայն չեն հիվանդացել, այլ մնացել են, այսպես ասած, վիրուսի առանց ախտանիշային կրողներ: Շրջապատի համար նրանք վարակիչ են, սակայն նրանց մոտ վիրուսը որեւէ կերպ չի արտահայտվում:
Պաթոգենի տարածումը կանխելու գլխավոր միջոցը՝ օդանավակայաններում սքրինինգը, գիտնականներն անարդյունավետ են համարում: Խնդիրն այն է, որ վարակվածների կեսից ավելիին չի հաջողվել հայտնաբերել օդանավակայաններում, քանի որ հիվանդությունն ունի երկար ինկուբացիոն շրջան. 2-3 շաբաթվա ընթացքում մարդու մոտ կարող է որեւէ ախտանիշ չլինել: Բացի այդ՝ բացառված չէ, որ կարող են լինել թաքնված կրողներ:
Մասնագետները հիշեցնում են, որ մարդիկ ծանոթ են կորոնավիրուսներին 1965 թվականից: Կորոնավիրուսների հենց տարբեր շտամները կազմում են վիրուսների մոտ 10 տոկոսը, որոնք առաջացնում են սեզոնային ՍՇՎ-ներ: Բացի այդ՝ բնակչության 80 տոկոսի մոտ կան հակամարմիններ կորոնավիրուսների այլ շտամների նկատմամբ:
Գիտնականների հիպոթեզի համաձայն՝ չի կարելի բացառել, որ որոշ մարդկանց մոտ, որոնք չեն մեկնել Չինաստան եւ իսկապես չեն շփվել վարակվածների հետ, իրականում ոչ թե COVID-19 է, այլ մեկ այլ շտամ, որին սխալմամբ արձագանքել է լաբորատոր թեստը: