Իտալիայում դադարեցրել են «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկահարանուները երկրում կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Այս մասին The Wrap-ին տված հարցազրույցում հայտնել է Paramount Pictures ստուդիայի ներկայացուցիչը։
Քրիստոֆեր Մակկուորիի ժապավենը, որի գլխավոր դերում Թոմ Քրուզն է, վարձույթում պետք է հայտնվի 2021թ.-ի հուլիսի 23-ին։ Դերասանների եւ նկարահանող խմբի անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցրել են նկարահանումները Վենետիկում, որոնք պետք է շարունակվեին երեք շաբաթ։ Չի հաղորդվում՝ արդյոք դա կազդի պրեմիերայի օրվա վրա։ Ստուդիայի ներկայացուցիչը հավելել է, որ Քրուզն Իտալիայում նկարահանումներին ներկա չի եղել։
Paramount-ը նաեւ հետաձգել է փետրվարի 28-ին Չինաստանում Ջեֆ Ֆաուլերի «Սոնիկը կինոյում» ֆիլմի թողարկումը։ Երկրում կինոթատրոնները փակվել են կորոնավիրուսի բռնկման պատճառով, եւ դա կարող է հանգեցնել դրամարկղային մուտքերի՝ հարյուր միլիոննների չափով կորստի, նշում է AP-ն։