Հայտնի կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն վերջերս տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ մասնագիտության ընտրության հարցում իրեն ոգեշնչել է հայազգի Հայկ Մանուկյանը, որը կինոյի գծով պրոֆեսոր էր Նյու Յորքի համալսարանում:
Rolex հատուկ նախագծում Սկորսեզեն հիշել է Նյու Յորքի համալսարանում կարիերայի խորհրդատվության օրը: Հայկ Մանուկյանի դասախոսությունը, որը նա լսել է այդ օրը, ուժեղ տպավորություն է գործել նրա վրա:
«Մանուկյանը դասախոսության ժամանակ այնպիսի կրքով ու էներգիայով էր խոսում կինոյի մասին, որ ասես յուրատեսակ քարոզիչ լիներ»,- նշել է Սկորսեզեն:
Ռեժիսորի խոսքով՝ Հայկ Մանուկյանը ոգեշնչել է իրեն կինոյում նոր գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտական առումով առաջ գնալու հարցում:
«Եվ հենց այդ պահին ես, կարելի է ասել, դարձա կուլտի անդամ: Նա իրոք ոգեշնչում էր մեզ: Նա մեր սրտերում իսկական կրակ վառեց: Դա կյանքումս երբևէ ստացած ամենաթանկագին նվերներից էր»,- ասել է տաղանդաշատ ռեժիսորը: