Օտարերկրյա ուսանողները 2019-nCoV կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքում հայտնվել են դժվար վիճակում. նրանցից շատերը ուտելիքի պաշար չունեն, և նրանք վախենում են մեռնել քաղցից։
Ինչպես պատմում է The Daily Mail-ը, թաիլանդցի ուսանողուհի Պասնիչա Կրուտդամրոնգչայը հայրենի երկրի կառավարությանը խնդրում է տարհանել իր քաղաքացիներին։ Նա վախենում է, որ իրեն, ինչպես և շատերին, սպառնում է մահը քաղցից։
Հիշեցնենք, որ Ուհան քաղաքը կարանտինի մեջ է. մուտքը քաղաք և ելքը քաղաքից սահմանափակ է։ Շատ մարդիկ այդ պատճառով բախվել են լուրջ խնդիրների։
Պասնիչիի խոսքով՝ Ուհանում փակվել են հանրային սննդի գրեթե բոլոր հաստատությունները։ Ուսանողները պահուստային սնունդ չեն գնել, և նրանց ուտելիքի պաշարները գրեթե լիովին սպառվել են։ Տեղի սուպերմարքեթներում, որոնք դեռևս աշխատում են, գրեթե սպառվել են մթերքները, տեղեկացրել է աղջիկը սոցցանցերում։ Ավելին, ուսանողներին արդեն բաց չեն թողնում հանրակացարաններից, որպեսզի նրանք ուտելիք որոնեն, բայց և ոչ ոք նրանց ուտելիք չի տալիս։
«Ես դեռևս օգնություն եմ սպասում Թաիլանդի կառավարությունից։ Եթե մնամ այստեղ, անգամ չգիտեմ, թե ինչն ինձ ավելի շուտ կսպանի՝ սո՞վը, թե՞ վիրուսը»,- գրել է աղջիկը սոցցանցերում։
Ուհանը բախվել է առավելագույն մեկուսացման հետ իր պատմության ողջ ընթացքում. արգելված են ուղևորություններն ինչպես դեպի քաղաք, այնպես էլ քաղաքից դուրս։ Պասնիչիի կարծիքով՝ Թաիլանդի կառավարությունը ամեն հնարավոր բան չի անում իր քաղաքացիներին Չինաստանից տարհանելու համար։ Ուսանողները Ճապոնիայից, ԱՄՆ-ից և Ինդոնեզիայից մշտական կապի մեջ են իրենց երկրների դեսպանությունների հետ։ Երեքշաբթի իր քաղաքացիների տարհանումն սկսել է Ճապոնիան, իսկ հինգշաբթի նախատեսված են հարավկորեական առաջին չարթերային ինքնաթիռների թռիչքները։ Թաիլանդի կառավարությունը վերջերս խոստովանել է, որ ի վիճակի չէ զսպել կորոնավիրուսի համաճարակը սեփական երկրի տարածքում, որտեղ գտնվում են հսկայական թվով չինացի զբոսաշրջիկներ։
med.news.am