Երգչուհի, դերասանուհի Ջամալան, որն արմատներով հայուհի է, փետրվարի 14-ին առաջին անգամ համերգով կներկայանա Երևանում: Երեկոն տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ջամալան հանդես կգա 13 հոգուց բաղկացած խմբով՝ կենդանի հնչողությամբ մատուցելով ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ՝ նոր երգեր. Նախատեսվում է երեք երգի պրեմիերա:
Լուսաձայնային շքեղ շոու, հզոր ձայն և յուրօրինակ կատարումներ: Ջամալան կներկայանա ջազ, սոուլ, ֆանկ, ֆոլկ, փոփ և էլեկտրո ժանրերում:
Երեսունվեցամյա Ջամալայի՝ Սուսանա Ջամալադինովայի հայրը Ղրիմի թաթար է, մայրը՝ հայուհի: Նա սկսել է զբաղվել երաժշտությամբ վաղ տարիքից։ Իր առաջին մասնագիտական ձայնագրությունն արել է ինը տարեկանում: Ձայնային հզոր հնարավորությունները նրան թույլ են տալիս հանդես գալ նաև օպերային ներկայացումներում: 2009 թվականին հաղթել է «Նոր ալիք» մրցույթում: Ավելի լայն լսարանին հայտնի է դարձել 2016 թվականին, երբ հաղթել է «Եվրատեսիլ»-ի 61-րդ մրցույթում:
Համերգն իրականացվում է «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ: