Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում տղամարդը կծելով պոկել է ընկերուհու քթի ծայրը՝ իրենից բաժանվելու ցանկություն հայտնելու համար, հաղորդում է Metro-ն:
24-ամյա Էլիսոն Դանիլկոն և նրա 30-ամյա ընկեր Նիք Գրյուելը վիճել են գիշերային ակումբում Նոր տարին նշելու ժամանակ: Տուն վերադառնալուց հետո նրանք շարունակել են վիճաբանությունը: Նիկը բարկացել է, երբ իմացել է, որ Էլիսոնը պլանավորել է Կոստա Ռիկա մեկնել առանց նրա ընկերակցության: «Նա չէր ուզում, որ ես մեկնեմ,- պատմել է աղջիկը:- Նրա աչքերում այնքան բարկություն կար»:
«Ես ասացի, որ ուզում եմ բաժանվել իրենից և պատրաստվում եմ հունվարի 7-ին մեկնել Կոստա Ռիկա՝ որպես կամավոր աշխատելու նպատակով»,- պատմել է Էլիսոնը: Նիկը նրան դեմ է տվել լողասենյակի պատին և բաց չի թողել: Քանի որ Էլիսոնը չէր դադարում գոռալ և օգնություն կանչել, նա կատաղել է և կծելով պոկել նրա քթի ծայրը:
Տուժածին հաջողվել է լքել տունը և փախչել հարևանների մոտ: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը Էլիսոնին ուղարկել է հիվանդանոց: Մարտին նրա քիթը վերականգնել են՝ օգտագործելով ականջի մի մասը:
Էլիսոնը պնդում է, որ մի քանի ամիս առաջ Նիկը կծել է նրա ուսը, ինչից հետո նրանք կարողացել են հաշտվել: Բայց այս անգամ նա վերջնականապես խզել է հարաբերությունները նրա հետ:
Նիկ Գրյուելը մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում հարձակման, բռնի կերպով ազատությունից զրկելու և պայմանական ժամկետի խախտման համար: