Ամերիկացի ուսանողները նվաճել են YouTube-ը կարճամետրաժ ուսուցողական տեսանյութով, որում ներկայացվում է, թե ինչպես պետք է վարվել ոչ սթափ վիճակում կամ ինչ-ինչ պատճառներով անգիտակից վիճակում հայտնված կնոջ հետ: Այս տեսանյութը պատասխանն է Օհայո նահանգից 16-ամյա աղջկան բռնաբարած երիտասարդների մասին ռեպորտաժների, որոնց որոշ լրագրողներ ավելի շատ են կարեկցել, քան զոհին: Այս մասին հաղորդում է New York Daily News-ը:
«Պատշաճ արձագանք» անունը կրող 26 վայրկյան տևողությամբ տեսանյութում երիտասարդը սենյակ է մտնում և տեսնում բազմոցի վրա քնած աղջկան: Տեսնելով անգիտակից աղջկան՝ երիտասարդը բարձ է դնում նրա գլխի տակ, ծածկում ծածկոցով և ջրով լի բաժակ դնում նրա կողքին: Դրանից հետո նա մոտենում է տեսախցիկին և ասում՝ «Իսկական տղամարդիկ աղջիկների հետ հարգալից են վարվում»:
Տեսանյութի հեղինակը Օրեգոն համալսարանի ուսանողուհի Սանատա Սթենդալն է, որը մեկնաբանել է, որ տեսանյութն ուղիղ պատասխանն է Օհայո նահանգի Սթեբենվիլ քաղաքում տեղի ունեցած բռնաբարության:
Նշենք, որ մարտի 17-ին Սթեբենվիլ քաղաքի քոլեջի երկու ուսանողներ դատապարտվել են մեկ և երկու տարվա ազատազրկման՝ 16-ամյա աղջկա բռնաբարության համար: Հանցագործությունից առաջ նրանք խմեցրել են աղջկան այնքան, մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը, որից հետո նրանցից մեկն անպարկեշտ լուսանկարներ է արել:
Այս դեպքը հասարակության ուշադրությունը գրավել է այն բանից հետո, երբ СNN-ի լրագրողները պաշտպանել են հանցագործներին՝ ասելով, որ «խեղճ տղաները» չեն կարող կարիերա կառուցել, և «ցավալի է նայել» նրանց:
«Չնայած տեսանյութում ես խոսում եմ տղամարդկանց պահվածքի մասին, սակայն սա կոչ է ոչ միայն արական սեռին: Իմ տեսանյութը կոչ է համայն մարդկությանը: Բոլոր մարդիկ պետք է հարգալից վարվեն միմյանց հետ»,- ասել է Սթենդալը:
Հինգ օրվա ընթացքում տեսանյութը YouTube-ում ունեցել է ավելի քան 1.4 միլիոն դիտում: