Երևի թե աշխարհում չկա մեկը, ով չիմանա Հիսուսի ու Հուդայի պատմությունն ու այն, որ Հուդան դավաճանեց իր ուսուցչին ընդամենը 30 արծաթի դիմաց, սակայն երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե իրականում ինչո՞ւ Հուդան դավաճանեց Հիսուսին։ Վերջին ժամանակաշրջանում մի շարք հետազոտողներ որոշել են ավելի խորը ուսումնասիրել այդ պատմությունն ու բոլորիս համար պարզ դարձնել, թե իրականում ինչու Հուդան դավաճանեց Հիսուսին։
Հուդան սկզբում հավատում ու հետևում էր Հիսուսին։ Նա վստահ էր, որ Հիսուսի հետ կգտնի այն փառքն ու հանգստությունը, որ պակասում էր իրեն, սակայն ժամանակի ընթացքում ամեն բան փոխվեց։ Հանկարծ պարզ դարձավ, որ Հիսուսի ու իր պատկերացումները լավ կյանքի մասին լրիվ տարբեր են։ Հետազոտողները նշում են, որ հենց այդ պահին էլ Հուդան արդեն հասկացավ, որ ինքը դավաճանելու է իր երբեմնի առաջնորդին։
Նրանց վստահեցնում են, որ Հուդան ուղղակի մտածում էր, թե հետևում է մի մարդու, ով իշխանության տեր է դառնալու, ու ինքը գտնվում էր ճամբարի ճիշտ կողմում, որտեղ այդ իշխանությունից բաժին էր հասնելու նաև իրեն։ Սակայն Հիսուսի պատմած իշխանությունը երկրի վրա չէր, այլ երկնքում էր, իսկ Հուդան ամեն բան ուզում էր հիմա ու ներկայիս կյանքում։
Հետազոտողները նշում են, որ Հուդան նաև փառասեր էր։ Նա արդեն հասկացել էր, որ կարող է կործանվել Հիսուսի հետ մեկտեղ ու որոշեց պարզապես ճիշտ ժամանակին լքել ճամբարն ու հայտնվել հաղթողի ճամբարում։ Հուդան ճարպիկ էր ու կարողացավ ճիշտ պահին կողմնորոշվել։
Հետազոտողները վերջնականապես Հուդային ներկայացրին որպես ոչ թե աշակերտ, ով վերջին պահին վախեցավ մահից ու ձերբակալվելուց, այլ մեկն, ով ուղղակի լավ կարիերիստ էր ու իր կարիերայի մասին մտածելիս կարողանում էր ճիշտ տեղում հայտնվել ճիշտ պահին։
Այս հետազոտությունից հետո, սակայն, մեկ այլ խումբ էլ նշում էր, որ Հուդան դա արել է հենց Հիսուսի համար, որովհետև եթե նա Հիսուսին չդավաճաներ, Հիսուսի կյանքի ու նրա մասին այդքան մարդ չէր իմանա։ Կարծիքները տարբեր են, իսկ ճշմարտությունն ու փաստերը, միևնույն է, մնում են նույնը։