Apple-ի, Alphabet- ի՝ Google-ի մայր ընկերության, Tesla-ի, Dell-ի և Microsoft-ի դեմ կոլեկտիվ դատական հայց են ներկայացրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կոբալտի հանքահորերում երեխաների մահվան դեպքով: Այս մասին հաղորդել են IRAdvocate-ի իրավապաշտպանները։

Վաշինգտոնի դատարան է դիմել 14 ընտանիք, որոնց երեխաները կա´մ մահացել են, կա´մ մարմնական վնասվածքներ են ստացել բրիտանական Glencore առևտրային ապրանքանիշի հանքավայրերում։ Խոսքը հինգ երեխայի մահվան մասին է, մնացած դեպքերում'լուրջ վնասվածքներ կան:

Ինչպես նշվում է դատական հայցում, Glencore-ին պատկանող հանքերից կոբալտը վաճառվում է «Ումիկոր» ընկերությանը, որը, իր հերթին, մետաղ է վաճառում տեխնոլոգիական ընկերություններին՝ լիթիում-իոնային մարտկոցների համար:

Հայցը ներկայացնողները պնդում են, որ հայտնի ընկերությունները կոբալտը հանելու համար երեխաներն օգտագործում են որպես ապօրինի աշխատուժ: Միևնույն ժամանակ, ընկերություններն ունեն «իշխանություն և ռեսուրսներ»՝ վերահսկելու ապօրինությունները, բայց դա չեն օգտագործում։ Հենց այդ անգործություն է հանգեցրել երեխաների մահվանը։

Հայցվորները պահանջում են, որ ընկերությունները ստեղծեն հատուկ հիմնադրամ' տուժած անձանց բուժման և հետագա բժշկական հսկողության համար, նաև փոխհատուցեն ոչ նյութական վնասները: Գումարի չափը նշված չէ. դա պետք է որոշի դատարանը։

Glencore-ը The Guardian-ին հավաստիացրել է, որ իրենք չեն օգտվում երեխաների աշխատանքներից: Ինչպես թերթն է գրել, նախկինում ոչ մի կազմակերպության նման մեղադրանք չի առաջադրվել։