Կառավարության վաղվա նիստին կքննարկվի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանին նշանակելու հարցը։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ վարչապետը Սաֆարյանի թեկնածությունը ներկայացնելու է Կառավարության հաստատմանը:
Ինչ վերաբերում է Ստյոպա Սաֆարյանին, ապա նա արդեն ստացել է առաջարկը և չի մերժել։ Սակայն, նկատենք, որ Հանրային խորհրդի անդամներից շատերը չեն պատրաստվում աշխատել Սաֆարյանի հետ և բացասական են վերաբերում նրան՝ այդ պաշտոնին նշանակելու հնարավոր որոշումը։
Հանրային խոհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով ՀԽ հանձնաժողովների նախագահներ, վերջին 15 անդամներին ընտրում են ՀԽ նախորդ 30 անդամները։ Այնուհետև վարչապետը Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմից կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի նախագահի թեկնածու, որից հետո խորհրդի ձևավորման գործընթացը համարվում է ավարտված։
Հիշեցնենք, որ նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը մեկնարկել էր 2018 թ․ սեպտեմբերի 6-ին, երբ ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել էին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները։ Այնուհետև ձևավորվել էին խորհրդի 15 ոլորտային հանձնաժողովները, ընտրվել էին հանձնաժողովների նախագահներ, որից հետո ՀԽ 30 անդամներն ընտրել էին խորհրդի վերջին 15 անդամներին։
2019թ․ ապրիլի 4-ին Հանրային խորհրդի նախագահ նշանակված Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 14-ին հրաժարական տվեց՝ ընդդիմադիր հայացքներով պայմանավորված։