Երբ մենք ամեն օր ինչ-որ պատճառներով բողոքում ենք մեր կյանքից ու մեր շուրջը գործող հարմարություններից, պետք է հիշենք այս զարմանալի պատմությունն ու դրանից գոնե ուժ ստանանք. այն ինչ տեղի է ունենում Վիետնամի Հուոյ Հուա շրջանում պարզապես զարմանալի է։ Ծնողներն իրենց երեխաներին ամեն օր տոպրակով նետում են գետը, սակայն ինչու՞ են նրանք այդպես վարվում։
Բանն այն է, որ Վիետնամի այս շրջանում կա ընդամենը մեկ դպրոց, որը գտնվում է բավականին մեծ հեռավորության վրա։ Այնպես է ստացվել, որ շրջանի գետը վերջին ամիսներին վարարել է ու դրանով փչացրել այն անցնել օգնող բոլոր կամուրջները։ Մարդիկ պարզապես այլևս չեն կարողանում տեղաշարժվել կամուրջների օգնությամբ ու շատ երեխաներ կանգնել խնդրի առաջ՝ նրանք այլևս չեն կարողանում հաճախել դպրոց։
Այսպես՝ ծնողները փորձել են ելք գտնել այս իրադրությունից, քանի որ անգամ եթե նոր կամուրջներ կառուցվեն անձրևային եղանակն ու վատ պայմանները միևնույն է թույլ չեն տա օգտվել նույնիսկ նոր կամուրջից։ Նրանք հասկացել են, որ ունեն երկու ելք՝ կա՚մ երեխան ինքը պետք է լողա ու մենակով անցնի գետը, կա՚մ նրան պետք է տոպրակով անցկացնեն մյուս ափ իր ծնողները։
Քանի որ վիետնամցիները չափազանց հոգատար վերաբերմունք ունեն իրենց երեխաների նկատմամբ, նրանք որոշել են, որ հենց իրենք էլ պետք է զբաղվեն երեխայի տեղափոխությամբ։ Ամեն առավոտ նրանք երեխային դնում են պոլիէթիլենից հատուկ պինդ տոպրակի մեջ, տոպրակը մի լավ կապում, որ այնտեղ ջուր չթափանցի և երեխայի հայրը տոպրակը քաշելով անցնում է գետն ու նրան հասցնում հաջորդ ափ։
Սա արվում է մեծ ուշադրությամբ ու բավականին մեծ ռիսկի գնալով, քանի որ գետն այնքան է ժամանակ առ ժամանակ վարարում, որ հեշտությամբ կարող է երեխայի հոր խեղդվելու պատճառը դառնալ։ Բայց անգամ այսպիսի մեծ ռիսկը չի ստիպում ծնողներին հրաժարվել իրենց այդ գաղափարներից, քանի որ նրանք վստահեցնում են, որ երեխայի ուսումը, նրա զարգանալն արժե, որ նրանք այդպիսի հսկայական ռիսկի դիմեն։
Հետաքրքիր է նաև, որ գետն անցնելուց հետո անգամ փորձությունները չեն ավարտվում։ Երեխաները դեռ պետք է 5 ժամ ճանապարհ գնան իրենց դպրոց հասնելու համար։ Այս դժվարություններն են պատճառը, որ երեխաներից շատերը նախընտրում են մի ամբողջ շաբաթ մնալ դպրոցում ու միայն հանգստյան օրերին գալ տուն։
Այս պատմությունից հետո ամեն անգամ, երբ կդժգոհեք ձեր կյանքից ու դրանում տեղի ունեցող դժվարություններից, ուղղակի հիշե՛ք, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր տարրական կրթություն ստանալու համար անգամ մահացու պայքար են մղում։