Շվեյցարական Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցից բակալավրի ուսանող Վասիմ Դաուադին լուծել է ֆիզիկայի խնդիրը, որը գիտնականները փորձել են բացատրել 100 տարի: Այս մասին գրում է Neue Züricher Zeitung-ը:
Նրան հաջողվել է պարզել, թե ինչու է հեղուկով լցված ուղղահայաց նեղ խողովակի մեջ օդային պղպջակը մնում անշարժ և չի բարձրանում:
Կիրառելով հետազոտության ինտերֆերաչափական մեթոդը՝ ուսանողը հայտնաբերել է պղպջակի և հեղուկի միջև գերբարակ շերտ, որը, հակառակ նախկինում առաջարկվող տեսություններից մեկի, չի կպչում խողովակին, այլ ծայրահեղ դանդաղ է շարժվում: Պարզապես, այդ արագությունն այնքան փոքր է, որ փոփոխությունները մարդու աչքի համար տեսանելի չեն:
Պղպջակների շարժումն ինքնին կախված է այս շերտից, և դրա բնութագրերն են որոշում բարձրանա՞ այն, թե՞ ոչ: