Իսպանիայի քաղաքներից մեկի բնակիչները բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգին առաջարկել են էշով ուղևորություն կատարել դեպի Մադրիդ, որպեսզի չաղտոտվի շրջակա միջավայրը: Ըստ El Confidencial պարբերականի՝ Տոլեդո նահանգի Թալավերա դե լա Ռեյն քաղաքի բնակիչները նամակ են գրել պատանի շվեդուհուն՝ խոստանալով ստանձնել բոլոր հարակից ծախսերը, որպեսզի ակտիվիստը կարողանա առավելագույնս էկոլոգիապես մաքուր ճանապարհով հասնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին:
«Հարգելի Գրետա Տունբերգ,- ասվում է նամակում:- Հասկանալով շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ ամբողջ աշխարհի իրազեկության բարձրացման կարևորությունը՝ քաղաքի քաղաքացիների ասոցիացիան միանում է ձեր պայքարին և պատրաստ է աջակցելու ձեզ հետևյալ կերպ․ մենք ձեր տրամադրության տակ ենք դնում Թալվերա դե լա Ռեյնում մեծացած էշի՝ Լիսաբոնից Մադրիդ հասնելու համար, որպեսզի մասնակցեք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 2019 թվականի խորհրդաժողովին»:
Պարբերականը նշում է, որ գրելու պահին Գրետա Թունբերգը չի պատասխանել քաղաքի բնակիչների առաջարկին: