Մալայզիայում ապրում է շուրջ 40.000 մարդուց բաղկացած մի ցեղ, որն ունիկալ է ամբողջ աշխարհում։ Սենոյներ․ այսպես է այն ցեղի անունը, որը կուրորեն հետևում է իր երազներին ու անում այն ամենն, ինչ տեսնում է իր երազում։ Ինչպե՞ս են նրանք կարողանում այդպես ապրել։
Ամեն բան սկսվեց նրանից, որ ցեղում սկսեցին հավատալ, որ այն երազները, որ նրանք տեսնում են, պատահական չեն, այլ հատուկ նշանակություն ունեն, որը հասկանալուց հետո կարելի կլինի ավելի հեշտ ապրել։ Այսպես է ստացվում, որ նրանք որոշում են խորապես ուսումնասիրել երազներն ու սկսել ապրել ինչպես երազում։
Ցեղի կյանքը սկսվում է ամենօրյա քննարկումներից։ Հավաքվում են բոլոր գիտակներն ու սկսում են պատմել իրենց տեսած երազները, հետո գլուխ գլխի են տալիս, հասկանում են, թե ինչ են հուշում իրենց երազները, ու օրը պլանավորում՝ ըստ այդ հուշումի։ Ամեն բան ավելի է խճճվում, եթե ցեղում որևէ մեկը երազ տեսած չի լինում։ Դա նշանակում է, որ նրան երազը հուշել է, որ նա ոչինչ չպետք է ծրագրի ու անի, ու նա պետք է պառկի, մնա առանց աշխատելու, գործելու ու շարժվելու այնքան ժամանակ, մինչև որ կկարողանա տեսնել երազներ, որոնք նրան կհուշեն ինչ անել։
Ամենահետաքրքրականը դեռ առջևում է։ Պարզվում է՝ աշխարհում կան հոգեբաններ, որոնք հավատում են այն ապրելակերպին, որը որդեգրել է այս ցեղը։ Նրանք նշում են, որ իրականում երազներն իրոք մեզ հուշում են, թե ինչպես ապրենք, կամ ինչն այն չէ մեր կյանքում, այնպես որ, եթե մենք հասկանանք դրանք ու «լսենք», թե նրանք մեզ ինչ ահազանգեր են ուղարկում, ապա կկարողանանք լիարժեք ապրել։ Երազներն այն ազդակներն են, որ մեզ ուղարկում է մեր ենթագիտակցությունը, այնպես որ, այդ ենթագիտակցությանը լսել ու հասկանալ է պետք։
Հետազոտողների ուսումնասիրություններն ավելի գրավիչ են դարձնում ցեղի ապրելակերպն ու այն տարօրինակից վերածում ցանկալիի։ Պարզվում է՝ ցեղում չկա գեթ մեկ մարդ, ով երբևէ դեպրեսիվ վիճակում հայտնված լինի։ Ինչ ցեղը սկսել է հասկանալ երազներն ու ապրել ինչպես երազում, դեպրեսիան մեկընդմիշտ լքել է ցեղին, ու ցեղը սկսել է խաղաղ, հաշտ ու երջանիկ ապրել։
Ավելին՝ ցեղում երբեք ոչ ոք ինքնասպանություն չի գործել։ Այստեղ մարդիկ եթե խնդիր են ունենում, հավաքվում են, քննարկում խնդիրները, հասկանում երազները՝ այդ խնդիրների հետ կապված, ու միասին, միահամուռ ուժերով սկսում են խնդիրը լուծել, ինչի արդյունքում ցեղում ոչ ոք դժգոհ, տխուր ու մենակ չի մնում։ Ահա այսպիսի տարօրինակ, բայց միևնույն ժամանակ երազանքների ապրելակերպ։