Դու դեմ չես կյանքիդ մնացած մասը այդ մարդու հետ անցկացնել, իսկ նա կարծում է, որ ձեր բաժանվելու ժամանակն է, քանի դեռ հարաբերությունները շատ հեռու չեն գնացել․ դա ինքնին տխուր եւ վիրավորական է։ Բայց երբ նա հիմար պատճառներ է հորինում իր որոշումը բացատրելու համար, դա արդեն ջղայնացնում է։
Ձեզ ենք ներկայացնում հանդիպելուց հրաժարվելու հիմար պատճառներ․
«Մենք չափազանց նման ենք իրար»։ Դա սովորաբար նշանակում է․ «Ես ինքս բազմաթիվ թերություններ ունեմ եւ ինձնից լավին եմ փնտրում, որովհետեւ երկրորդ ինձ նմանին չեմ կարողանա տանել»։ Չափազանց ինքնաքննադատական մոտեցում է։ Բայց ի՞նչ կարիք կա աղջկան էլ վիրավորելու։
«Հիմա հարմար ժամանակ չէ»։ Այսինքն նա ծրագրում է հարաբերությունները սկսել փետրվարի 29-ին, ժամը 5:17-ին, նորալուսնի շրջանում։
«Ես կյանքումս միայն մի անգամ եմ երկարատեւ եւ լուրջ հարաբերություններ ունեցել, այնպես որ հիմա զգում եմ, որ շտապելու կարիք չկա»։ Այսինքն նա քեզ հետ կհանդիպեր, եթե դու երկրորդը լինեիր, ոչ թե քսաներորդը։ Ո՞ւր էիր մինչեւ հիմա։
«Դու ինձ համար չափազանց լավն ես»։ Ինչ խորամանկ հնարք է։ Այսինքն հիմա դու պիտի պատասխանես, որ իրականում նա 100%-ով արժանի է քեզ, պիտի պատմես, թե ինչ խելացի է, գեղեցիկ ու սեքսուալ․ այն մարդուն, որը քեզ հենց նոր մերժել է։ Այ քեզ բան։
«Մենք կյանքում տարբեր նպատակներ ունենք»։ Դեռ լավ է, եթե նա չի սկսում քեզ պատմել, թե դու ինչ նպատակներ ունես (որովհետեւ սովորաբար սկսում են)։ Որովհետեւ նման պատմություններից երբեմն շվարում ես․ այդ մարդն ինչքան վատ է ճանաչում քեզ եւ ինչ ծուռ հայելում է տեսնում։ Բայց հիմնականում նա իրավացի է․ դուք իրոք շատ տարբեր եք։
«Չեմ ուզում քեզ ցավ պատճառել»։ Այսինքն դու այնպիսի առանձնահատուկ մարդ ես, որը նրան կստիպի իր կամքին հակառակ իրեն սադիստի պես պահել։ Իսկ սովորաբար նա այդպիսին չէ։ Իսկ դու նրան անխուսափելիորեն սադրում ես։ Ասես՝ դու վարդ ես, իսկ նա՝ կակտուս, եւ լավ կլինի, եթե ինքը սրտի նվվոցով հանդիպի այլ կակտուսների հետ, որ քեզ չվիրավորի իր փշերով։ Շնորհակալություն նրան զգուշացնելու համար։
«Ես դժվար եմ բաժանվել նախկին ընկերուհուցս, ինձ համար այնքան ցավալի էր»։ Չի կարող պատահել։ Ավելի լավ է՝ գրեք բոլոր թերթերում եւ հեռուստատեսություն զանգեք։ Ինչպիսի սենսացիա։ Արդեն պատկերացնում եմ վաղվա հոդվածների վերնագրերը․ «Տղան դժվարությամբ է բաժանվել աղջկանից»։ Չէ՞ որ մնացած ամբողջ աշխարհը հեշտորեն եւ անկաշկանդ է բաժանվել, կամ էլ ընդհանրապես չի բաժանվում։ Իսկ նրան դրանից հետո իհարկե անկողնային ռեժիմ է խորհուրդ տրվում, սերն էլ խստիվ հակացուցված է։
«Չեմ կարծում, թե կկարողանամ քեզ տալ այն, ինչի կարիքն ունես»։ Խե՞լք։ Բարությո՞ւն։ Հավատարմությո՞ւն։ Հումորի զգացո՞ւմ։ Այո, գուցե շատ բան ես ուզում նրանից։ Ուղղակի չափից մեծ պահանջներ ունես։
«Ձեզ մոտ ամեն ինչ այնքան լավ է, որ նույնիսկ սարսափելի է»։ Իրոք ի՞նչը կարող է ավելի սարսափելի լինել, քան երջանիկ սերը։ Ամեն մեկը չի դիմանա նման փորձությանը։ Բայց շատերը չգիտես ինչու, պատրաստ են։